Մատչելի հղումներ

Որոշվել է Սիրիայում հաստատել երեքշաբաթյա հրադադար


Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում Սիրիայի խաղաղության բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի թույլ մասնակցությամբ, միայն դիտորդի կարգավիճակով։ Եվ հարց է բարձրանում, թե արդյոք Ամերիկայի ուժեղ ձայնի բացակայությունը նշանակում է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ավելի ուժեղ ազդեցություն։

Սիրիայի քաղաքացիական պատերազմը թեւակոխում է վեցերորդ տարին, իսկ բռնությունները, տեղահանություններն ու սովն այստեղ շարունակվում է։

Այդ ամենին վերջ տալու ակնկալիքով են Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում բանակցությունների սեղանի շուրջ եկել Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները։ Վաշինգտոնն էլ հույս ունի, որ բանակցություններն ուղի կհարթեն Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու ջանքերի առջեւ։

Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարք Թոներն է ասում. ՝՝Հարկավոր է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության գան անցումային փուլ սկսելու հարցի շուրջ՝ հաշվի առնելո Սիրիայի ժողովրդի կամքն ու ցանկությունը։ Իսկ սա հարց է, որ ոչ թե մենք, այլ իրենք՝ կողմերը պիտի լուծեն՛՛։

Սիրիայի խաղաղության բանակցությունների այս փուլում միջնորդի դերը սանձնել են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ առանց Միացյալ Նահանգների լիակատար մասանկցության։

Իսկ ի՞նչ է սա նշանակում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ազդեցության լծակների ապագայի համար։
Վերլուծաբաններից Մայքըլ Քոֆմանի խոսքերով, ինքը կասկած չունի, թե Ռուսաստանը, Իրանն ու մյուս երկրները հասկանում են, որ շատ դժվար է լուրջ բանակցություններ անցկացնել առանց ԱՄՆ-ի մասնակցության։

՝՝Այն պարզապես մի փորձ է՝ ԱՄՆ-ին պարտադրելու ընդունել Ռուսաստանի դիրքերը՛՛, ասում է նա։

Պետքարտուղարի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրած թեկնածու Ռեքս Թիլերսոնն ընդունում է, որ Սիրիան, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենք են թելադրում Սիրիայում խաղի կանոնները։ Սենատորների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե Վաշինգտոնը պիտի նորից գործուն մասնակցություն ունենա իր ավանդական այն դաշնակիցների հետ, որոնցից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։

Ինչեւէ, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնվել են միասնաբար ուժի մեջ դնել երեք շաբաթյա հրադադար՝ հայտարարելով, որ խնդրին չկա ռազմական լուծում։ Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պաշտպանում են ընդունված հռչակագիրը, թե ոչ։

XS
SM
MD
LG