Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի աշխատանքը պիտի գնահատվի արդեն նրա նախագահության օրոք


Հաշվված ժամեր են մնացել, որ Դոնալդ Թրամփը երդմանակալությունից հետո հայտարարվի Միացյալ Նահանգների նախագահ։ Ամբողջ աշխարհի ուշադրությունն է այսօր սեւեռված Վաշինգտոնի վրա։ Ինչ ընթացք կունանա երդմնակալության հանդիսավոր արարողությունը, երբ մեծաթիվ խմբեր են պատրաստվում անցկացնել ցույցեր ընդդեմ Թրամփի։ Մյուս հարցն այն է, թե ինչ ընթացք կունենա Թրամփի պաշոտանավարումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մինչ այժմ հանդես է եկել վիճահարույց մի շարք հայտարարություններով։

Դոնալդ Թրամփը չունի պետական կառավարման փորձառություն։ Ու շատերն են կարծում, որ Ամերիկան նորից հզոր երկիր դարձնելու իր կոչը նա փորձելու է իրականացնել բիզնեսմենի փորձառությամբ։

Այսօր ԱՄՆ-ի առջեւ ծառանում են հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում մի շարք խնդիրներ։ Երբ Միացյալ Նահանգները մի քանի հազար թվակազմով զորքեր, հրասայլեր ու ծանր հրետանի է տեղակայում Բալթյան երկրներում ու Լեհաստանում՝ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի դեմ ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու նպատակով, ու երբ Ռուսաստանը հակառակ կողմում արդեն տեղակայել է միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ ՝՝Իսքանդեր՛՛ մակնիշի հրթիռներ, ՆԱՏՕ-ն հնացած համարելու մասին Թրամփի խոսքերը ցնցնում են Եվրոպային։ Եվրոպան մտահոգված է Թրամփի այն հայտարարություններով, թե Միացյալ Նահանգները պաշտպանելու է միայն այն երկրներին, որոնք ժամանակին են կատարում ՆԱՏՕ-ին իրենց ֆինանսական պարտավորություններըը։

՝՝Եթե Վաշինգտոնում որեւէ մեկը փորձի հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, մեծ վնաս կհասցնի դաշինքին՝՝, ասում է վերլուծաբաններից Ջոնաթան Այըլը։


Մեծագույն մյուս խնդիրը կապված է հետախուզության հետ։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերն, իր պաշտոնին հրաժեշտ տալուց երեք օր առաջ Թրամփին ակնարկելով, դատապարտեց բոլորին, ովքեր կարող են կասկածի տակ առնել ԱՄՆ-ի հետախուզության լավ փաստագրված տվյալները։ Խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու Ռուսաստանի քայլերին։ Փաուերի խոսքերով, Ռուսաստանն այսօր մեծագույն սպառնալիք է ԱՄՆ-ի համար։ Իսկ Թրամփը, չընդունելով այդ մեղադրանքները, նույնիսկ խոստանում է հրաժարվել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից։

“Human Rights Watch” մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունն էլ Թրամփին համարում է մեծ սպառնալիք մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Վերջերս հրապարակած իր զեկույցում կազմակերպությունը հատկապես նշում է բանտերում տանջամիջոցները վերահաստատելու, երկրից փախստականների զանգվածային արտաքսումներ իրականացնելու, փախստականներին ահաբեկիչներ համարելու մասին Թրամփի խոսքերը։

Զեկույցը քննադատում է աշխարհի տարբեր ավտորիտար առաջնորդների հետ հարաբերություններին զարկ տալու Թրամփի խոստումները։

Թրամփինի հաճախ են քննադատում Մեքսիկայի սահմանին պարիսպ կառուցելու նպատակի համար։

Հակասությունների գոտու Թրամփի նախագահության օրոք կարող է վերածվել Հարավչինական ծովը, երբ Չինաստանն իր ավիակրի ուղեկցությամբ ռազմանավերի մի մեծ խումբ է տեղակայում վիճահարույց տարածքներում, իսկ պետքարտուղարի պաշտոնում Թրամփի ընտրած Ռեքս Թիլերսոնը Չինաստանի կողմից այստեղ կղզիներ կառուցելու փաստը՝ համեմատում Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու հանգամանքի հետ ու ավելացնում, որ Չինաստանին պետք է զրկել այդ կղզիներ մուտք գործելու հնարավորությունից։

Սակայն ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Դոնալդ Թրամփն ինչ որ չափով մեղմել է իր հայտարարությունների ոճը։ Եվ Ամերիկայի ու աշխարհի մասին Թրամփի խոսքերի ազդեցությունը պետք է գնահատել Թրամփի նախագահության ընթացքում, երբ փոքրամասնությունները, ներգաղթյալները ու քաղաքական գործիչները խոստանում են միասնաբար պայքարել իրենց իրավունքների համար։

XS
SM
MD
LG