Մատչելի հղումներ

Amnesty International-ն ընդդեմ եվրոպական հակաահաբեկչական նոր օրենքների


Amnesty International logo
Amnesty International logo

Amnesty International-ի կարծիքով Եվրոպայում ընդունվող հակաահաբեկչական նոր օրենքները վտանգավոր են կիրառվող սահմանափակումների պատճառով: Այդ սահմանափակումներն ապահովում են անվտանգությունը, սակայն ի հաշիվ քաղաքացիների իրավունքների:

Եվրոպան արձագանքում է վերջին երկու տարիների մի շարք ահաբեկչական գործողություններին: Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունը ստիպել էր Ֆրանսիային հայտարարել արտակարգ դրություն:

Այն թույլ է տալիս պետական կառույցներին արգելել բողոքի ցույցերը, սահմանել պարետային ժամ, առանց դատարանի որոշման տնային կալանքի ենթարկել մարդկանց կամ խուզարկություն իրականացնել:

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կերկարացվի հինգերորդ անգամ, քանի որ այն անհրաժեշտ է Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

«Բոլորս պետք է գիտակցենք իրականությունը, որ մենք գտնվում ենք ահաբեկչական վտանգի ներքո»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը:

Amnesty-ին նշում է, որ ֆրանսիական իշխանությունները չարաշահում են լիազորությունները, որի օրինակներից է 20 ակտիվիստի տնային կալանքը Փարիզի կլիմայի վերաբերյալ համաժողովից առաջ, որը տեղի ունեցավ ԴԱԵՇ-ի ահաբեկչությունից օրեր անց:

«Ֆրանսիան հայտնի է իր փողոցային ցույցերի ավանդույթներով և մշակույթով, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ փոփոխություն իրականացնելու համար: Ցավալի է, երբ արտակարգ դրության ժամանակ այդ մշակույթի կարևոր տարրեր անտեսվում են»,- ասում է Քարթիկ Ռաջը Amnesty International-ից:

Amnesty-ին քննադատության է ենթարկում նաև Հունգարիայի իշխանություններին՝ Եվրոպայում ամենակոշտ ազգային անվտանգության օրենսդրության համար: 2015 թվականի սեպտեմբերին ներգաղթյալների մի խումբ ճեղքեց սահմանը՝ ոստիկանության հետ բախվելուց հետո:

Նրանցից մեկը՝ Կիպրոսում բնակության իրավունք ունեցող սիրիացի Ահմեդ Համեդը, ուղեկցում էր իր տարեց ծնողներին: Նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով: Վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ իրավապահ մարմիններն ընդամենը առաջնորդվում են գործող օրենսդրությամբ:

«Հունգարիան կանի ամեն ինչ, որ ոչ ոք անօրինական մուտք չգործի կամ հաստատվի Հունգարիայում՝ խախտելով հունգարական օրենքները»,- ասել է վարչապետը:

Amnesty-ի զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ Եվրամիությունը պատրաստվում է ընդունել նոր օրենսդրություն՝ ստանդարտացնելու հակաահաբեկչական օրենքները, որոնք կարևոր են անվտանգության տեսանկյունից:

XS
SM
MD
LG