Մատչելի հղումներ

՝՝Հարկավոր է պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը՛՛. Բարաք Օբամա


Լրացավ Իրանի հետ կնքված միջուկային գործարքն ուժի մեջ մտցնելու մեկ տարին, ինչի մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսում է գովեստով ու մատնանշում աշխարհն ավելի ապահով դարձնելու գործում դրա կարեւորությունն ու արդյունքը։

Իրանի հետ միջուկային գործարքը կնքվել էր 2Օ15 թվականի հուլիս ամսին, սակայն Գործողության համատեղ համապարփակ ծրագիր անվանումը կրող գործարքն ուժի մեջ էր մտել 2Օ16-ի հունվար ամսից։ Օբաման հայտարարում է, որ Թեհրանը կատարում է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Նա իր խոսքերը հենում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից նախորդ օրն արված հայտարարության վրա, ըստ որի Թեհրանը հեռացրել է Ֆորդոուի միջուկային հաստատությունում ուրան հարստացնող հարյուրավոր ցենտրիֆուգներ։

Սակայն Դոնալդ Թրամփը, որը հունվարի 2Օ-ից ստանձնելու է ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, հաճախ է հանդես եկել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը դատապարտող հայտարարություններով։ Անգլիական ՝՝Թայմզ՛՛-ին ու գերմանական ՝՝Բիլդ՛՛-ին տված հարցազրույցում նա նորից ասել է, թե կարծում է, որ այն երբեւէ կնքված ամենավատ գործարքն է։

Սպիտակ տունը, առանց Թրամփի անունը նշելու, սակայն խոսքը հստակ նրան ուղղելով, հայտարարել է, ՝՝Սպիտակ տունը պետք է հիշի, որ այս համաձայնագիրը երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Այն համաձայնություն է աշխարհի խոշոր երկրների մասնակցությամբ, այլ ոչ թե պարզ գործարք ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ՛՛։

Դատապարտելով հանդերձ գործարքը, Թրամփը հրաժարվել է ասել, թե արդյոք ինքը ցանկանում է նոր բանակցություններ սկսել մի նոր գործարքի շուրջ, ինչպես ասում էր նախկինում, թե ոչ։ Ինչպես Թրամփի կառավարության թեկնածուներից պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մաթիսն է ասում, եթե հաստատվի երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում, ինքը կպաշտպանի Իրանի հետ միջուկային գործարքը։ ՝՝Եթե Ամերիկան տալիս է իր խոսքը, պարտավոր ենք հարգել այն՛՛, ասել էր նա Սենատի լսումների ժամանակ։

Միջուկային գործարքը ստորագրելուց հետո Իրանը հրաժարվել է իր ցենտրիֆուգների երկու երրորդից, ուրանի պաշարները կրճատել՝ 98 տոկոսով, չափաբաժին, որով կարող էր պատրաստել ատոմային 4 ռումբ։

XS
SM
MD
LG