Իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված հանդիպմանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպումից հետո փորձել է հիասթափեցնել այս հանդիպման արդյունավետության նկատմամբ վատատեսներինև ընդգծել հանդիպման կարևորությունը:
«Գիտեմ, որ այն ամենն, ինչ հնչել է այս հանդիպման ընթացքում, կթվա չափազանց միամիտ, քանի որ դժվար է խոսել խաղաղության մասին այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքն այսքան պառակտված է: Ասում էին, որ այս հանդիպումը անիմաստ է և, որ մենք ոչնչով չենք նպաստում միջազգային իրավիճակին այս համաժողովի միջոցով: Այժմ կարող եմ փաստել, որ միամիտ կլինի հավատալ, թե առանց շարժվելով դեպի խաղաղություն՝ հնարավոր է հաշտեցնել Իսրայելին իր հարևանների հետ, մի բան, որը չափազանց կարևոր է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Փարիզի հանդիպումը անվանել է անօգուտ, իսկ Իսրայելի աջակիցների մի խումբ կիրակի առավոտյան բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում:
«Ֆրանսուա Օլանդը մշտապես ասել է, որ հակամարտությունը կկարգավորվի ուղիղ բանակցությունների միջոցով, սակայն այսօր տեսնում ենք, որ ընթանում է համաժողով, ուր չեն մասնակցում ո՛չ Իսրայելի և ո՛չ էլ պաղեստինցիների ներկայացուցիչները, ուստի ես չեմ հասկանում՝ որն է այս հանդիպման իմաստը:Միգուցե այստեղ կա թաքնված մեկ այլ նպատակ՝ նախընտրական կամ Օլանդի ապագայի հետ կապված: Ամեն դեպքում այս համաժողովը անիմաստ է, և մենք այստեղ ենք՝ աջակցելու Իսրայել պետությանը»:
Սա երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ Փարիզը հյուրընկալում է խաղաղության համաժողովը: Վերջնական հայտարարության մեջ նշվում է, որ հաջորդ համաժողովը տեղի կունենա 2017 թվականի վերջին: Այս հանդիպումը կայացավ Օբամայի վարչակազմի վերջին օրերին, որը հաջողություն չգրանցեց տարիներ ընթացող խաղաղ կարգավորման գործընթացում:
Այժմ առկա է մտահոգություն, որ հրեական բնակավայրերի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը և ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գաղափարը կարող են վնասել «երկու պետություն» սկզբունքով կարգավորման տարբերակին:
Վերջնական հայտարարության տեքստում չկա դեսպանության տեղափոխման մասին որեւէ քննադատություն:
Հանդիպմանը ներկա Ջոն Քերրին, որը հունվարի 2Օ-ից հրաժեշտ կտա պետքարտուղարի պաշտոնին, ասել է, որ այս պահին նման ծրագրեր չկան: