Մատչելի հղումներ

 
Ինչպիսի՞ տեղ կունենան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Թրամփի արտաքին քաղաքականությունում

Ինչպիսի՞ տեղ կունենան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը Թրամփի արտաքին քաղաքականությունում


Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփն անդրադարձել էր Իրաքի նավթային պաշարներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է արդյունահաներ և վաճառեր Իրաքի նավթը պատերազմի ժամանակ:

«Հնուց ի վեր ավարը բաժին է ընկել պատերազմը հաղթած կողմին»,- հայտարարել էր Թրամփը։

Human Rights Watch-ի ներկայացուցիչ Սարահ Մարգոնն ասում է, որ նման մեկնաբանությունները հարցեր են առաջացնում, թե ինչպիսին են Թրամփի մոտեցումները արտերկրում՝ մարդու իրավունքների խնդիրների հետ կապված:

«Մենք մտահոգություն ունենք, որ սա կլինի մի վարչակազմ, որը չի ներգրավվի կամ հետաքրքրություն չի ունենա մարդու իրավունքների հետ կապված հարցերում, կամ իր շահերի համար կօգտագործի դրանք»։

Մարգոնն ընդգծում է Թրամփի պատրաստակամությունը՝ համագործակցելու բռնակալ առաջնորդների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Աբդել Ֆաթահ ալ Սիսսին կամ Բաշար ալ Ասադը:

Այն, որ Միացյալ Նահանգները ժամանակ առ ժամանակ դաշնակցել է բռնապետների հետ, նորություն չէ, սակայն Թրամփն ու նրա ապագա վարչակազմի որոշ բարձրաստիճան այրեր անգամ հրաժարվում են քննադատել նրանց:

Քննադատության նման մի խուսափում գրանցվեց օրերս Ռեքս Թիլերսոնի նշանակմանը նվիրված լսումների ընթացքում: Վերջինս հրաժարվեց Պուտինի գործողությունները Սիրիայում կոչել պատերազմական հանցագործություններ: Պատասխանելով թմրանյութերի դեմ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պայքարի վերաբերյալ հարցին, պայքար, որի ժամանակ սպանվել են հազարավոր մարդիկ, Թիլերսոնը պաշտպանել էր Դուտերտեին՝ նրա գործողություններն անվանելով իրատեսական:

«Սխալ է կարծել, որ յուրաքանչյուր արտաքին քաղաքականություն առաջնորդվում է միայն մարդու իրավունքների դիտարկմամբ, հատկապես, երբ նժարին է դրված Ամերիկայի ժողովրդի անվտանգությունը»:

Սակայն արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի իր ազգային շահերի և արժեքների միջև: Այս հարցին պատասխանում է փորձագետ Լեսլի Վինջամուրին:

«Կարծում եմ, ԱՄՆ-ի շահերից է բխում մարդու իրավունքների պաշտպանությամբ առաջնորդվելու հանգամանքը, քանի որ երկարաժամկետում և նույնիսկ կարճաժամկետում ավելի դյուրին է և արդյունավետ հարաբերություններ կառուցել նույն արժեքները դավանող երկրների հետ»:

Մեկ բան պարզ է, որ նախագահական նստավայր տեղափոխման հետ մեկտեղ Դոնալդ Թրամփը պետք է գտնի ոսկե միջինը ազգային անվտանգության խնդիրների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի միջև: Եվ այս հարցում նա առաջին նախագահը չէ:

XS
SM
MD
LG