Վրաստանի կառավարության պաշտոնատար անձինք հայտնել են, որ երկրի տարածքով ռուսական Գազպրոմին պատկանող գազի առաքումների համար վճարումների շուրջ նոր պայմանագիր է ստորագրվել:
Ըստ կնքված նոր գործարքի, Վրաստանը, որը ներկայումս ստանում է իր տարածքով դեպի Հայաստան անցնող ռուսական գազի 1Օ տոկոսը, համաձայնել է դրամի փոխարկել այն մինչեւ 2Օ18 թվականը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կառավարությունը գազի փոխարեն Վրաստանին կվճարի կանխիկ դրամով:
Բանակցությունների նախկին երկու փուլերի ժամանակ Գազպրոմը պնդում էր վճարումները կատարել կանխիկ գումարով, Վրաստանն` այն համարում անընդունելի: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Քալաձեն ասում է, թե նոր գործարքն ունի միայն կարճաժամկետ պայմաններ եւ համապատասխանում է ռուս-վրացական ներկա հարաբերություններին:
Քալաձեն ասել է նաեւ, թե այս գործարքը չի խորացնի Ռուսաստանի էներգակիրներից Վրաստանի կախվածությունը, այլ պարզապես “կփոխի միայն վճարման մեթոդը”:
Ապրանքափոխանակությունը դրամական վճարումներով փոխանակելը նա համարում է “միջազգայնորեն ընդունված փորձառություն”:
Սակայն Վրաստանի կառավարության քննադատներն ասում են, թե Գազպրոմից գազ գնելու հանգամանքով Վրաստանն ընկնում է Ռուսաստանից կախվածության մեջ:
Մարտ ամսին ցուցարարները մարդկային 7 կիլոմետրանոց շղթա էին կազմել Ռուսաստանի դեսպանատնից մինչեւ կառավարության շենքը` բողոքելով գործարքը դրամականացնելու մտադրության դեմ: Բողոքի ակցիան կազմակերպել էր նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արեւմտամետ Միացյալ ազգային շարժում կուսակցությունը, որը Մոսկվային մեղադրում է Գազպրոմի միջոցով Արեւմուտքի հետ Վրաստանի կապերը խորացնելու ջանքերը խոչընդոտելու մեջ:
“Վրաստանի ատլանտյան խորհուրդ” անվանումը կրող հաստատության փոխնախագահ Բաթու Քութելիյաի խոսքերով, Քալաձեի բացատրությունները թերի են:
Պարզ չէ, ասել է նա, թե արդյոք այս գործարքը համապատասխանում է Վրաստանի արտաքին քաղաքականության մանդատին, եւ արդյոք արտգործնախարարությունը մասնակցել է բանակցություններին, թե որոշումը կայացվել է բացառապես էներգետիկայի նախարարության միջոցով:
“Մենք Ռուսաստանի պահանջներն ընդունելու կամ դրանց շուրջ փոխզիջման գալու դիրքերում չենք”, ասել է “Transparency International”-ի վերլուծաբաններից Գիորգի Օնիանին, շարունակելով, “Շատ հազվադեպ է պատահում, երբ Վրաստանն արտոնյալ լծակներ է ունենում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ սա այն դեպքն էր, երբ Վրաստանը կարո′ղ էր ունենալ այդ լծակները, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է շարունակել գազի տարանցիկ փոխադրումները”: