Մատչելի հղումներ

“Human Rights Watch”. “Հայաստանում ոստիկանական բռնությունների համար չեն կրում պատասխանատվություն”


“Human Rights Watch” մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը հունվարի 12-ին հրապարակել է Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված բռնությունների մասին զեկույց` այն վերնագրելով “Հայաստան. Ոստիկանական բռնությունների համար չկա պատասխանատվություն. Ցուցարարները կրում են երկարատև պատիժներ, սակայն նրանց նկատմամբ կիրառված բռնությունները` մնում անպատիժ”:

687 էջից բաղկացած Համաշխարհային զեկույցի 27-րդ հրատարակությունը դիտարկում է մարդու իրավունքների իրավիճակն ավելի քան 90 երկրներում:

Հայաստանին վերաբերող բաժնում “Human Rights”-ի Համաշխարհային զեկույցում ասված է, թե Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ չափազանց և անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն:

Կազմակերպության զեկույցը հիշեցնում է 2016թ. հուլիս ամսին խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից ուժ կիրառելու, Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա հարձակում իրականացնելու փաստերը: Ըստ զեկույցի, կամայականորեն ձերբակալվել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդներ ու մասնակիցներ, որոնց դեմ հարուցվել են քրեական անհիմն գործեր` ձերբակալված որոշ անձանց զրկելով իրենց հիմնական իրավունքներից:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան ասել է, թե կազմակերպությունն արդեն վեց ամիս սպասում է, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները: Նրա խոսքերով, “Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, սակայն նույն խստությունը չեն ցուցաբերել օրինախախտ ոստիկանների նկատմամբ` խուսափելով արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում իրականացնելու հնարավորությունից”:

Ներածական ակնարկում “Human Rights Watch”-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը գրում է, որ ավտորիտար պոպուլիստների նոր սերունդը ձգտում է տապալել մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը` այդ իրավունքները դիտարկելով որպես մեծամասնության կամքի խոչընդոտ: “Այնտեղ, որտեղ զգում են, որ հետ են մնացել համաշխարհային տնտեսությունից եւ ավելի է մեծանում բռնի հանցագործությունների հնարավորությունը, քաղաքացիական հասարակության խմբերը, լրատվամիջոցները և հանրությունը վճռորոշ դերակատարում պիտի ունենան՝ վերահաստատելու համար այն արժեքները, որոնց հիման վրա կառուցված է մարդու իրավունքները հարգող ժողովրդավարությունը”:

Human Rights Watch-ը ներկայացնում է նաեւ մարդու իրավունքների լուրջ այլ խնդիրներ Հայաստանում, այդ թվում` ընտանեկան բռնության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնության ու խտրականության, ինչպես նաև կյանքի տևողությունը սահմանափակող հիվանդություններ ունեցող մարդկանց համար ցավազրկող դեղորայքի մատչելիության անհարկի սահմանափակումները՝:

Զեկույցն այնհուհետեւ նշում է, որ “հիմնականում խաղաղ բնույթ կրող բողոքի ցույցերը բռնկվել էին արմատական ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» զինյալ խմբի կողմից հուլիսի 17-ին Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, որի ընթացքում սպանվել էր մեկ ոստիկան և պատանդ էին վերցվել մի քանիսը: “Մինչ հուլիսի 31-ին զինյալները կհանձնվեին, խմբի համդեպ հանրային աջակցությունը և իշխանությունների նկատմամբ դժգոհությունը վերաճեցին լայն բողոքի շարժման”, նշված է զեկույցում։

“Ոստիկանության արձագանքը որոշ դեպքերում եղել է դաժան: Հուլիսի 29-ին ոստիկանությունը կիրառել է խլացուցիչ նռնակներ` ցուցարարներին և լրագրողներին պատճառելով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանները և նրանց հետ քաղաքացիական հագուստով գործող անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, հարվածներ հասցրել բռունցքներով ու ոտքերով, օգտագործել փայտե մահակներ ու երկաթե ձողեր, ձերբակալ շատերին:

Հուլիսին և օգոստոսին, իշխանությունները կրկին կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց”:

Ըստ “Human Rights Watch” կազմակերպության զեկույցի, Հայաստանի իշխանություններն առանց հապաղելու հետաքննություն են սկսել ոստիկանության դրսևորած հակաիրավական վարքագծի առնչությամբ` հանգեցնելով միայն սահմանափակ պատասխանատվության։ Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը: Կասեցվել են ոստիկանության 17 այլ ծառայողների լիազորությունները, մյուսներին ներկայացվել է նկատողություն, սակայն որեւէ քրեական գործ չի հարուցվել պաշտոնատար որեւէ անձի նկատմամբ:

Միջազգային կառույցի զեկույցը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբեր ամսին ոսկե մեդալով է պարգևատրել Երևանի փոխոստիկանապետին` «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար, որը հուլիսի 29-ին մասնակցել էր ցուցարարների դեմ իրականացված ոստիկանական գործողություններին:

“Քրեական գործերն ընդդեմ բազմաթիվ ցուցարարների և բողոքի ցույցերի կազմակերպիչների շարունակվում են: Առնվազն յոթ մարդ դատապարտվել է ազատազրկման մեկից մինչև երեք ու կես տարի ժամկետով: Առնվազն հինգ այլ անձինք ստացել են պայմանական կալանք: Մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Այս 13 ամբաստանյալներից բոլորն ընդունել են իրենց մեղքը` մասամբ ստանալով երաշխիքներ, որ իրենց նկատմամբ կկիրառվի ավելի նվազ պատիժ, քան օրենքով սահմանված առավելագույնն է։

«Ոստիկանության բռնությունների մասին հաշվետվողականությունն էական է հասարակական վստահությունը վերականգնելու համար, երբ Հայաստանում շատերն են համոզված, որ կառավարությունը չի լսում իրենց մտահոգությունները”, ասել է Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան:

XS
SM
MD
LG