Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները միակ ուժն է, որ կարող է բարեփոխել աշխարհը


Միացյալ Նահանգներն աշխարհի միակ ուժն է, որը կարող է բարեփոխել աշխարհը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Ռեքս Թիլերսոնը, պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին:

«Մենք աշխարհի միակ գերտերություն ենք, որն ունի միջոցներ եւ բարոյական կողմնացույց, եւ որն ի վիճակի է աշխարհը դեպի լավը փոխելու»:

Որոշ սենատորներ կասկած էին հայտնել, թե Թիլերսոնը, ով նախկինում, որպես ExxonMobil նավթային ընկերության ղեկավար, համագործակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետքարտուղարի պաշտոնում անաչառ կգտնվի Մոսկվայի նկատմամբ: Կասկածները փորձեց փարատել Թեքսասի սենատոր Ջոն Քորնինը.

«Պրն Թիլերսոնը գիտի, թե ինչպես տարանջատել անձնական հարաբերությունները եւ աշխատանքը: Նա գիտի՛, թե ում համար է աշխատում»:

Ինքը Թիլերսոնը լսումների ընթացքում Ռուսաստանի շուրջ խոսելիս ընդգծեց Մոսկվայի հետ համագործակցելու կարեւորությունը, հատկապես երբ հարցը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին.

«Իմ կարծիքով, ռուսներն ունեն ռազմավարական մտածողություն, եւ ընդհանրապես, ունեն շատ պարզ ծրագիր, որն իրենք իրականացնում են»:

Միեւնույն ժամանակ, երբ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգների շահերին, Թիլերսոնը նույնիսկ ավելի կոշտ գործելաոճի կողմնակիցն է, քան ներկայիս վարչակազմը.

«Եթե Ռուսաստանը գործում է ուժով, ինչպես Ղրիմի դեպքում, դա պահանջում է համարժեք գործողություն, համարժեք ուժի ցուցադրում, որպեսզի Ռուսաստանին հասկացնենք, որ նոր տարածքների գրավում չի լինելու»:

Մոսկվայի գործողությունների համար մեղավորությունը, Թիլերսոնի համոզմամբ, մասամբ կիսում է նաեւ ներկա վարչակազմը՝ որոշ հարցերում նահանջելու պատճառով.

«Մեր ՆԱՏՕ-ի գործընկերներն իրավացի են, երբ անհանգստացած են Ռուսաստանի գործողություններով, սակայնայս դուռը բացվեց Ամերիկայի բացակայության պատճառով»:

Թիլերսոնը նշեց, որ իր համոզմամբ պաշտոնական Մոսկվան ներգրավված է եղել ԱՄՆ-ի դեմ ուղղված վերջին հաքերային գրոհների մեջ՝ անվանելով դա ամերիկյան շահերի հանդեպ արհամարհանք:

XS
SM
MD
LG