Մատչելի հղումներ

Ռիչարդ Հոգլանդի անցած ուղին


ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ նշանակված դեսպան Ռիչարդ Հոգլանդը տարածաշրջանին ծանոթ ամերիկյան ամենափորձառու դիվանագետներից մեկն է:

Ինդիանա նահանգում ծնված Ռիչարդ Հոգլանդը 1980-ականներին սովորել է Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանում, անգլերեն դասավանդել աֆրիկյան Զաիրում, այնուհետեւ՝ դիվանագիտական ծառայության անցել:

Հոգլանդի դիվանագիտական կարիերան սկսվել է աֆղանական ընդդիմության հետ աշխատելուց, եւ դա այն ժամանակ, երբ Խորհրդային Միության զորքերը դեռեւս Աֆղանստանում էին: Այնուհետեւ Ռիչարդ Հոգլանդի դիվանագիտական կարիերան կենտրոնանում է Կենտրոնական եւ Հեռավոր Ասիայի վրա: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակի աշխատանքն օգնում է Հոգլանդին ավելի լավ հասկանալ Եվրասիայի տարածքը, որի մասին նա ավելի ուշ կասի:

«Կառավարման Եվրոպական մոդելը հիմնված է Արեւմտյան Վերածնունդի սկզբունքների վրա, մինչդեռ ռուսական եւ խորհրդային ժառանգությունը ուղղակիորեն կապված է Բյուզանդական կայսրության հետ: Հենց դա է պատճառը, որ 15 հետխորհրդային պետություններից միայն Բալտյան երկրները, որոնց համակարգը հիմնված էր եվրոպական ժառանգության վրա, հեշտությամբ անցում կատարեցին»:

Խորհրդային ժառանգությունն ու դրա կողմից ստեղծված բազմաթիվ խնդիրներին Ռիչարդ Հոգլանդը ծանոթացել է անձամբ, ԱՄՆ-ի դեսպան աշխատելով Տաջիկստանում եւ Ղազախստանում: Ծանոթ է Հոգլանդը նաեւ Խորհրդային Միության ներսում գծած սահմանների արժեքին. 2015 թվականի մարտի 18-ին նա հայտարարում է.

«Խորհրդային ազգագրագետների կողմից 1920-ականներին հորինված սահմանները բոլորովին էլ հարմար չէին. Բարդ աշխարհագրական բազմազանությունը չէր կարող արտացոլվել քարտեզի պարզ սահմանների վրա»:

2006-ին հանրապետական Ջորջ Բուշի նախագահության ժամանակ սակայն տարածաշրջանի իմացությունը չօգնեց Ռիչարդ Հոգլանդին հաջողության հասնել Սենատում՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրման համար: Այն ժամանակ ընդդիմությունը ներկայացնող դեմոկրատ սենատորներ Ջո Բայդենը, ով քիչ անց ԱՄՆ-ի փոխնախագահը կդառնար, եւ Ջոն Քերրին, ով տարիներ անց կստանձներ պետքարտուղարի պաշտոնը, նշում էին, որ հայերի Մեծ Եղեռնը միանշանակ կարելի է ցեղասպանություն անվանել եւ հարցնում Հոգլանդի դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Դեսպանի դիվանագիտական պատասխանն այն տարիներին չի բավարարում ոչ սենատորներին ոչ էլ ամերիկյան հասարակության ակտիվ մաս հանդիսացող հայ համայնքին եւ Ռիչարդ Հոգլանդը չի հաստատվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Ավելի ուշ դեսպան Հոգլանդը, ով դեռ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ռուս-ամերիկյան հակաահաբեկչական ջանքերը կարգավորելու մեծ փորձ ուներ, զբաղվում էր Սիրիայի շուրջ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համագործակցության կարգավորմամբ:

Ռիչարդ Հոգլանդը մնում է փափուկ ուժի եւ դիվանագիտական մոտեցման կողմնակիցներից մեկը: Նրա համոզմամբ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը կարող է օգնել այնտեղ, որտեղ անզոր են զենքերը: ԱՄՆ-ի հայ համայնքը Հոգլանդին ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր նախագահ նշանակելուն արձագանքել է զգույշ լավատեսությամբ:

Ապագան ցույց կտա, թե որքանով հաջողակ կլինի Ռիչարդ Հոգլանդը ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում, սակայն մեկ բան հաստատ է, դեսպանը լավ է գիտակցում տարածաշրջանում ստեղծված իրական իրավիճակը: Անդրադառնալով իր դիվանագիտական մոտեցումներին, Ռիչարդ Հոգլանդը նշել էր.

«Ժամանակի ընթացքում, մենք սովորել ենք ընդունել յուրաքանչյուր երկիր՝ իր յուրահատկություններով: Մենք ճանաչում ենք, որ Կենտրոնական Ասիայի երկրներից յուրաքանչյուրն ունի սեփական ուղին եւ բոլորին նույն չափանիշով չենք չափում»:

XS
SM
MD
LG