Մատչելի հղումներ

Վաշինգտոնում բացվեց ԱՄՆ-ի դիվանագիտության պատմության թանգարանը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, որը հունվարի 2Օ-ին, նոր նախագահի երդմնակալությունից հետո դադարում է լինել երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը, կոչ է անում զգոնություն ցուցաբերել ազգայնամոլական դրսեւորումների նկատմամբ ամբողջ աշխարհում։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Դիվանագիտության ամերիկյան կենտրոնի թանգարանի բացման արարողության ժամանակ ներկա ու նախկին երեք պետքարտուղարները գովեստի խոսքերով հանդես եկան ԱՄՆ-ի դիվանագիտության պատմության մասին։

Ջոն Քերրին, Մադելայն Օլբրայթը, Հիլարի Քլինթընը եւ Քոլին Փաուելը կարեւորեցին աշխարհում խաղաղությունը պահպանելու գործում ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությունը։

Քերրիի խոսքերով.՝՝Աշխարհում շատ են հնչում համագործակցությունից հրաժարվելու, տնտեսական ու քաղաքական պատնեշներ կառուցելու, ռասայական, էթնիկական, ազգային ու կրոնական անհանդուրժողականության բացահայտ կոչեր՛՛։

Քերրին հայտարարում է, թե ամերիկյան դիվանագիտությունը, սակայն, արտացոլում է մեծապես տարբերվող ու շատ ավելի վեհ տեսլական։

՝՝Մենք՛՛, ասում է նա, ՝՝իրարից չենք տարբերվում ազգությամբ, մեր անուններով, կամ մեր ծննդավայրով։ Մենք հանդես ենք գալիս միասնական գաղափարով։ Ու ի տարբերություն շատ այլ երկրների, մեր սկզբունքը հետեւյալն է, որ բոլոր մարդիկ հավասար են՛՛։

Լույսերով զարդարված ու Հիլարի Քլինթընի անունը կրող սրահում ինքը՝ Քլինթընն ասաց, թե դիվանագիտական գործունեությունից դասեր քաղելն այսօր շատ ավելի կարեւոր է ու հրատապ, քան անցյալում որեւէ ժամանակ։

՝՝Ժողովրդավարությունը, ազատությունն ու կարգ ու կանոնն աշխարհում հայտնվել են հարձակումների ներքո։ Ավտորիտարիզմի դրսեւորումների ու ազատականության նկատմամբ թշնամանքի աճը սպառնում են Երկրորդ աշխարհամարտից հետո ընկած ժամանակահատվածի հիմքերին, այն հիմքերին, որոնք կառուցել են ամերիկացի դիվանագետները, ու դրանք պաշտպանել Ջորջ Մարշալի ու Դին Աչեսոնի ժամանակներից ի վեր՛՛։

Ռուսաստանի հետ ներկա լարվածությունն ակնարկելով՝ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը վերհիշեց այն ժամանակները, երբ հարաբերություններն ավելի բարեկամական էին, ու երբ ինքը մի շիշ օղի էր նվեր ստացել իր պաշտոնակից Իգոր Իվանովից։
՝՝Օղու այդ շիշն ունի Կալաշնիկով տիպի ինքնաձիգ հրացանի տեսք, որն այսօր գտնվում է այստեղ՝ Պետդեպարտամենտում՛՛։

ԱՄՆ-ի դիվանագիտական կենտրոնն իրականում թանգարան է ու ուսումնական կենտրոն՝ նվիրված ԱՄՆ-ի դիվանագիտության պատմությանը, ու ԱՄՆ-ի դիվանագետների կարեւոր ու հաճախ շատ վտանգավոր աշխատանքին ու գործունեությանը։ Հանրության առջեւ այն իր դռները կբացի հաջորդ տարեվերջին։

XS
SM
MD
LG