Սենատորներ Ջոհն Մաքքեյնը, Բեն Քարդին և Ռոբերտ Մենենդեսը առաջարկել են օրենսդրական մի նախագիծ Ռուսաստանի դեմ նոր ընդարձակ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ըստ առաջարկվող օրինագծի՝ այն անձինք, ովքեր կասկածվում են ԱՄՆ-ի դեմ կիբեր հարձակման իրականացման մեջ, չեն ստանա ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր, ինչպես նաև կարգելափակվեն նրանց ֆինանսական միջոցները: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության և այլ հատուկ ծառայությունների կառույցների նկատմամբ: Օրինագիծը նաև ամերիկյան պետական կառույցներին կտրամադրի 100 մլն դոլար՝ ռուսական քարոզչության դեմ պայքարելու համար:
Սենատոր Ջոհն Մաքքեյնը վստահություն է հայտնել, որ օրինագիծը կհաստատվի ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից՝ ընդգծելով, որ սա Վլադիմիր Պուտինի կողմից հարձակում է ժողովրդավարության դեմ:
«Կարծում եմ մենք պետք է գործենք, կարող ենք գործել և հանդես կգանգ միասնաբար: Մեզանից ոչ ոք չգիտի նորընտիր նախագահի դիրքորոշման մասին, սակայն ԱՄՆ-ի կոնգրեսի դիրքորոշումը այն է, որ չպետք է թույլ տալ միջազգային պայմանագրերի կոպիտ խախտումներ և անմեղ մարդկանց սպանություններ, որոնք իրականացվում են Վլադիմիր Պուտինի կողմից ներառյալ զենքի միջոցով Հալեպում հիվանդանոցների վերացումը: Մենք հավատացած ենք, որ ամերիկյան ժողովուրդը մեզանից պահանջում է արձագանքել այս ամենին»
Դմիտրիյ Պեսկովը ասել է, որ այս նախաձեռնությունը հերթական փորձ է խուսափել երկխոսությունից:
«Մենք առայսօր չգիտենք, թե ինչ ապացույցներ կան նման անհիմն մեղադրանքների համար: Մենք կտրականապես հերքում ենք Մոսկվայի, ռուս պաշտոնյաների կամ կառույցների որևէ ներգրավվածությունը հաքերային հարձակման հարցում: Մենք հոգնել ենք այդ անհիմն մեղադրանքները հերքելուց»,-ասել է Պեսկովը
Պեսկովը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը կատեգորիկ հերքում է, որ որևէ կերպ ներգրավված է Դեմոկրատների ազգային կոմիտեի համակարգչից հազարավոր էլեկտրոնային նամակների գողության և դրանք WikiLeaks-ի միջոցով հրապարակման մեջ:
ԱՄՆ-ի պաշտոնյաները մեղադրում են Ռուսաստանին հանրապետական Դոնալդ Թրանմփին աջակցելու և դեմոկրատ Հիլարի Քլինտոնի հաղթանակի հավանականությունը նվազեցնելու մեջ:
Էլեկտրոնային նամակագրության հրապարակումը ընտրություններից մեկ ամիս առաջ բացահայտել է, որ դեմոկրատական կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրել՝ ապահովելու Քլինտոնի հաղթանակը ընդդեմ Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսի: