Մատչելի հղումներ

Սենատում սկսվել են բարձր պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուների շուրջ լսումները


Սեշընզի հարցով լսումներ՝ Սենատում. Հունվարի 2Օ
Սեշընզի հարցով լսումներ՝ Սենատում. Հունվարի 2Օ

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը իր փեսային նշանակել է որպես Սպիտակ տանն իր խորհրդական։ Ինչպես Թրամփի անցումային խմբի պաշտոնյաներն են ասում, Ջարեդ Քուշների պարտականությունների մեջ են մտնելու առեւտրին ու Մերձավոր Արեւելքին առնչվող հարցերը։

Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսին Քուշների փաստաբանն ասել է, թե Քուշները ծրագրում է հրաժարվել անշարժ գույքի իր ընտանեկան ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից եւ բոլոր բաժնեմասերից ու արտասահմանյան ներդրումներից։

Կոնգրեսի դեմոկրատ 6 անդամներ նամակ են հղել երկրի արդարադատության նախարար Լորեթա Լինչին եւ կառավարությանն առընթեր ԱՄՆ-ի Կառավարական էթիկայի գործակալությանը՝ մատնանշելով 1967 թվականին ընդունված այն օրենքը, որի համաձայն պետական պաշտոնյաները չեն կարող այն գործակալությունում, որտեղ իրենք են աշխատում, աշխատանքի ընդունել իրենց ընտանիքի անդամներին։
Սակայն ինչպես Քուշների փաստաբանն է ասում, այդ օրենքը չի վերաբերում նախագահին, քանի որ Սպիտակ տունը չի համարվում գործակալություն։

Այս ընթացքում Սենատը սկսում է ամենապահպանողական սենատորներից Ջեֆ Սեշընզին արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու հարցով լսումներ։ Դեմոկրատները մտահոգություն են արտահայտում քաղաքացիական իրավունքների ու ներգաղթի նկատմամբ Ալաբաման ներկայացնող Սեշընզի կարծր դիրքորոշման առնչությամբ։

Այս շաբաթվա ընթացքում Սենատը քննարկելու է տարբեր պաշտոններում Թրամփի ներկայացրած 8 թեկնածունների հարցը, որոնցից առաջինը Սեշընզի հարցով է անցկացվում։ Հաստատման համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն։ Սակայն դեմոկրատները չունեն նրա նշանակումը մերժելու ուժ, քանի որ կազմում են փոքրամասնություն։
Դեմոկրատներն ասում են, թե Թրամփի ներկայացրած թեկնածուները փաստաթղթեր ներկայացնելու եւ կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու նպատակով համապատասխան տեղեկություններ տալու համար շատ երկար ժամանակ են պահանջում։
Թրամփը կանխատեսում է, որ Սենատը կհաստատի իր ընտրած բոլոր թեկնածուներին։

Ի դեպ, քննարկումները կարող են անցկացվել մինչեւ նախագահի երդմնակալության արարողությունը, սակայն թեկնածուների հաստատումը կարող է տեղի ունենալ միայն նախագահի պաշտոնամուտից հետո։

XS
SM
MD
LG