Մատչելի հղումներ

Բրիտանիան նախատեսում է Ռուսաստանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ընդունել


Սերգեյ Մագնիցկին մահացավ 2009-ին Մոսկվայի բանտում, որտեղ փաստաբանը պահվել է առանց դատի մեկ տարի՝ հարկերից խուսափելու չապացուցված մեղադրանքով: Ռուսաստանի իրավապահների կողմից Մագնիցկու ձերբակալման իրական պատճառը փաստաբանի կողմից բացահայտված իրավախախտումն էր, որի արդյունքում բարձրաստիճան պաշտոնյաները պետությունից շորթել էին 230 միլիոն դոլար:

Անկախ փորձաքննության հաղորդմամբ, Մագնիցկու մահվան պատճառը բանտում իրականացված բազմակի խոշտանգումներն էին: Մագնիցկու մահվան համար որեւէ մեկը Ռուսաստանում չի դատապարտվել, սակայն, փաստաբանի գործընկեր, Hermitage Capital ընկերության ղեկավար Բիլ Բրաուդերը փորձում է մեղավորներին պատասխանատվության կանչել արտերկրում:

ԱՄՆ-ում ընդունված օրենքի համաձայն Մագնիցկու սպանության համար մեղավորների դեմ պատժամիջոցներ են կիրառել: ԱՄՆ-ի օրինակին կարող է հետեւել նաեւ Բրիտանիայի խորհրդարանը.

«Մենք բավականին լուրջ աջակցություն ունենք բոլոր խոշոր կուսակցություններից», - նշում է Բրաուդերը:

«Մագնիցկու ցուցակ»-ին Բրիտանիայի միանալը կարող է լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի մեծահարուստ պաշտոնյաներին, որոնցից շատերը նախընտրում են իրենց հարստությունը պահել Ռուսաստանի սահմաններից դուրս, այդ թվում եւ՝ Լոնդոնում, նշում է փորձագետ Էնդրյու Ֆոքսալը.

«Ազգային հետախուզական գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիա է մուտք գործում կոռուպցիոն ճանապարհով ստացած ավելի քան 120 միլիարդ դոլար»:

Բրիտանիայի օրենսդիրները նախատեսում են «Մագնիցկու ցուցակ»-ը քվեարկության դնել մոտ օրերին: Դրա ընդունումը կարող է Եվրամիությանը ստիպել նույնպես միանալ Ռուսաստանի կոռումպացված պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ընդունելու նախաձեռնությանը:

XS
SM
MD
LG