Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կիրակի օրվա բեռնատարի հարձակման իրականացնողը պաղեստինցի է՝ Արևելյան Երուսաղեմից:
«Մենք պարզել ենք հարձակվողի ինքնությունը: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա ԴԱԵՇ-ի աջակիցն է»,- ասել է վարչապետը:
Նեթանյահուն հայտարարել է, որ իշխանությունները կապ են գտել Երուսաղեմի հարձակման և անցած տարի Գերմանիայում և Ֆրանսիայում տեղի ունեցած նման ահաբեկչական ակտերի միջև, սակայն չի տրամադրել որևէ մանրամասնություն: Նա հայտարարել է, որ անվտանգության մարմինները նոր հարձակումներ կանխող միջոցառումներ են իրականացրել և փակել Արևելյան Երուսաղեմին կից շրջաններն, ուր բնակվում էր բեռնատարի հարձակման կասկածյալը:
Երուսաղեմում բեռնատարը վրաերթի է ենթարկել Իսրայելի բանակի մի խումբ զինծառայողների, ովքեր կանգնած էին շրջագայություն իրականացնող ավտոբուսի մոտ: Հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, առնվազն 15՝ վիրավորվել:
«Բեռնատարն աջ կողմով հարվածեց ինձ, որի արդյունքում ես վայր ընկա խոտերի մեջ: Չափազանց բախտավոր եմ, որ ողջ մնացի: Հրաշք էր նաև, որ միջադեպի ժամանակ չեմ կորցրել զենքս: Սկզբում ինձ թվաց սա ուղակի պատահար է, սակայն երբ բեռնատարը շրջվեց, որպեսզի, մի գուցե, ավելի շատ մարդկանց հարվածի, ես հասկացա, թե ինչ է տեղի ունեցել, դուրս հանեցի զենքս, մեկ անգամ կրակեցի անիվներին, իսկ հետո մոտեցա իրեն ձախ կողմից և կանգնելով նրան դեմ դիմաց՝ կրակեցի մինչև վերջին փամփուշտը», -պատմել է ահաբեկչությունը վերապրած էքսկուրսավար Էիտան Ռոնդը:
ԴԱԵՇ-ը չի արձագանքել Երուսաղեմի այս միջադեպին, սակայն պաղեստինյան ծայրահեղական ՀԱՄԱՍ խմբավորման խոսնակը ողջունել է հարձակումը:
«Իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, շնորհավորոել է Երուսաղեմի խիզախ հարձակման առիթով: Սա բնական արձագանք է մեր ժողովրդի, մեր հողի նկատմամբ իրականացրած հանցագործություններին», - ասել է խմբավորման խոսնակ Ֆահուզի Բարհումը:
Խոսնակի խոսքերով այս հարձակումը նախազգուշացում է Իսրայելին, որ պաղեստինցիները երբեք չեն դադարի պայքարել իրենց իրավունքների համար: ԱՄՆ-ը և այլ շատ երկրներ ՀԱՄԱՍ-ը ճանաչել են ահաբեկչական խմբավորում: