Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աշխատանքը սկսեց հանրապետական Կոնգրեսը


Միացյալ Նահանգների նորընտիր Կոնգրեսը սկսել է իր աշխատանքը Վաշինգտոնում:

Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում երդման արարողությունն անցկացրեց ի պաշտոնե Սենատի նախագահ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:

Նորընտիր Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն է կազմում Հանրապետական կուսակցությունը: Այնուամենայնիվ, հանրապետականների ղեկավար, Քենթաքի նահանգը ներկայացնող սենատոր Միթչ Մաքքոնելը դեմոկրատ գործընկերներին միասնության կոչով է դիմում.

«Մոտ օրերին մեզ, երկու կողմերիս էլ անհրաժեշտ կլինի աշխատել եւ համագործակցել, քանի որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք նպաստել մեր երկրին»:

Փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար, Նյու Յորքը ներկայացնող սենատոր Չաք Շումերն իր կողմից ընդգծում է, որ ժամանակն է նայել առաջ.

«Մենք՝ դեմոկրատներս պարտվեցինք ընտրություններում: Մեզնից շատերը նման արդյունք չէին սպասում: Նման պարտությունից կարելի է ցնցվել, սակայն անհրաժեշտ է ուղիղ իրականության աչքերի մեջ նայել, գիտակցել այն եւ սովորել դրանից»:

Սակայն հանձնվել դեմոկրատները նույնպես չեն պատրաստվում: Շումերի խոսքով, անհրաժեշտության դեպքում իրենք կպահանջեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը.

«Հարգանք տածելով նախագահության ինստիտուտի նկատմամբ՝ մենք առանց երկմտելու դրանից դուրս կհանենք այն զբաղեցնող մարդուն, եթե նա ստորացնի կանանց, կամ մահմեդականներին, լատինոներին, կամ սեռական փոքրամասնություններին»:

Ի պատասխան դրան, Թեքսաս նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ջոն Քորնինը կատակեց, թե Կոնգրեսում փոքրամասնություն կազմող դեմոկրատները հայտարարում են Թրամփի նախագահության ավարտի մասին, երբ այն դեռ չի էլ սկսվել.

«Օբամայի 8-ամյա նախագահությունից հետո Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է պահանջում եւ նրանք հստակ կերպով բարձրաձայնում են այդ ցանկությունը»:

Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում անակնկալներ նույնպես տեղի չունեցան: Պալատի նախագահ վերընտրվեց հանրապետական Փոլ Ռայանը, ով նույնպես միասնության կոչ արեց.

«Ինձ միեւնույնն է, թե դուք որ կուսակցությանն եք պատկանում: Այս շենքում դուք չեք գտնի մեկ մարդ, ով չցանկանար բարին Ամերիկային։ Եվ հենց դա է իրական հաղթանակը»:

Վերլուծաբանների խոսքով, հանրապետական մեծամասնությունն անշուշտ կօգնի Դոնալդ Թրամփին հաստատել իր նոր վարչակազմի նախարարներին, այնուամենայնիվ, որոշ թեկնածուների շուրջ կարելի է թեժ վեճեր ակնկալել:

XS
SM
MD
LG