Մատչելի հղումներ

Հայ-ռուսական համագործակցությունը չի խանգարում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը՝ դեսպան


Հայաստանը պատրաստ է խորացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Մեր հարաբերությունները մտերիմ են եւ է՛լ ավելի զարգանալու դեռ տեղ ունեն, եւ պատրաստակամություն կա թե՛ Միացյալ Նահանգներում եւ թե՛ Հայաստանում»:

Դեսպանը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ հատուկ բարիդրացիական դիրքորոշում ուներ դեռեւս Առաջին աշխարհամարտից հետո.

«Միացյալ Նահանգները, ուիլսոնյան Ամերիկան այն երկիրն է, որին մենք շնորհակալ ենք մեր ժողովրդի մի մեծ զանգվածի փրկության համար»:

30 տարի առաջ, երբ Հայաստանում սկսվել էր ազգային ազատագրական շարժումը, Միացյալ Նահանգներն այն ուժն էր, որը կանգնած էր հայ ժողովրդի կողքին։

«Բաքվի, Սումգայիթի ջարդերի օրերին, այն ծանր օրերին, երբ Ղարաբաղի բնակչությունը դիմագրավում էր ադրբեջանական եւ սովետական ագրեսիային, Միացյալ Նահանգները մեր կողքին էր կանգնած»:

Այսօր Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները զարգացնելու ճանապարհին որեւիցե խոչընդոտ գոյություն չունի, պատասխանում է Գրիգոր Հովհաննիսյանն այնհարցին, թե որքանով Երեւանի սերտ համագործակցությունը Մոսկվայի հետ կարող է սահմանափակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը: Դեսպանի խոսքով՛ հայ-ամերիկյան համագործակցությունը զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության ոլորտներում.

«Որեւիցե սահմանափակում չկա, Հայաստանի կողմից այդ ցանկությունը միշտ ակնհայտորեն ցուցաբերվել է, եւ Միացյալ Նահանգներում այդ մասին գիտեն: Պաշտոնական Երեւանը ինձ այդպիսի որեւիցե արգելքներ, կարմիր գծեր չի քաշել»:

Հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւոր տարրերից մեկն է տնտեսական համագործակցությունը, նշում է դեսպան Հովհաննիսյանը: Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի մեծամասնությունը սպառվում է ամերիկյան շուկայում.

«Մեր ապրանքափոխանակությունը, առեւտուրն այսպես ասած դասական ապրանքների, սննդամթերքի, կոնյակի եւ գինու՝ հավաքական այս ամբողջ ծավալը 50-60 մլն դոլարը չի գերազանցում: Քառապատիկ այդքան մենք Միացյալ Նահանգներ արտահանում ենք բարձր տեխնոլոգիաներ»:

Ապագայում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը կարող է համալրվել նաեւ էներգետիկայի, բժշկության, կրթության եւ նոր սերնդի տեխնոլոգիաների զարգացման ոլորտներով: Անդրադառնալով ամերիկյան նոր վարչակազմից Երեւանի սպասումներին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է ԱՄՆ-ի կայուն քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ.

«25 տարիների ընթացքում բոլոր վարչակազմերը, որ Սպիտակ տանը եղել են, նույն հավատարմությամբ հետեւել են Հարավային Կովկասում, Հայաստանում զարգացումներին, հանձնառություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, եւ Միացյալ Նահանգների մասնակցությունը անփոփոխ շարունակական եւ դրական է եղել»:

XS
SM
MD
LG