Մատչելի հղումներ

Սիրիայում կեսգիշերից ուժի մեջ կմտնի հրադադարը


Սիրիայի կառավարությունը հայտարարել է, թե ընդդիմության հետ եկել է երկրի ամբողջ տարածքում զինադադար հաստատելու շուրջ համաձայնության։ Զինադադարն ուժի մեջ է մտնելու հինգշաբթի կեսգիշերից առաջ։

Ռուսաստանի նախագահի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Սիրիայում հաստատվելու է հրադադար, որին մասնակցելու է ընդդիմության 62 հազար զինյալ։ Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք պաշտպանում են հակամարտության հակադիր կողմերին, հանդես են գալու որպես հրադադարի երաշխավորներ։

Սիրիայի պետական բանակի հրամանատարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ հրադադարը չի վերաբերում ծայրահեղական այնպիսի խմբավորումներին, ինչպիսիք են ՝՝Դաեշ՛՛-ը եւ ՝՝Ջաբհաթ ալ Նուսրան՛՛։

Ռուսաստանն ու Թուրքիան նաեւ համաձայնության են եկել Սիրիայի կառավարության եւ ընդդիմադիր խմբերի միջեւ փետրվար ամսին Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում բանակցություններ անցկացնելու շուրջ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե իրենք կողջունեին բանակցություններում ԱՄՆ-ի մասնակցությունը, երբ հունվարի 2Օ-ից ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները ստանձնի Դոնալդ Թրամփը։

Սիրիայի քաղաքական ու զինված ընդդիմությունը ներկայացնող կառույցները տեղեկացնում են, թե քանի որ ընդդիմությունն այլեւս չուներ կառավարական ուժերի ու նրանց դաշնակիցների դեմ պայքարը շարունակելու միջոցներ, ՝՝այդ պայքարը շարունակելն այլեւս դարձել էր անհնար՛՛։
Սիրիայի տեղեկատվության նախկին նախարար Մեհդի Դաքլալահն ասել է, որ թվում է, թե զինադադարի շուրջ համաձայնության գալու փաստը բխում է նաեւ կառավարության շահերից։
Նրա խոսքերով, համաձայնությունը թույլ կտա կառավարությանն ու նրա դաշնակիցներին շարունակել պայքարն ընդդեմ ՝՝Դաեշ՛՛-ի ու ՝՝Ջաբաթ ալ Նուսրա՛՛-ի։

Հետաքրքիր է, որ համաձայնության մեջ չի ընդգրկվել Քրդական ժողովրդական պաշտպանության միավորումներ անվանումը կրող խմբավորումը։

Այս խմբավորումը, քրդական մի քանի այլ խմբավորումների հետ Սիրիայի հյուսիսային հատվածում վերահսկում է լայնածավալ տարածքներ մինչեւ Թուրքիայի սահմանը։ Թուրքիան այս խմբավորմանը համարում է ահաբեկչական կազմակերպություն եւ իր տարածքում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ենթաճյուղ։

Հրադադարի մասին համաձայնությունը ողջունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, հայտարարելով, թե դրա արդյունքում կփրկվեն մարդկային կյանքեր, ճանապարհ կբացվի մարդկանց օգնություն առաքելու համար, եւ ուղիներ՝ դեպի խաղաղության արդունավետ բանակցություններ։

XS
SM
MD
LG