Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը պաշտպանում է Իսրայելի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին չորեքշաբթի օրը հանդես եկավ մերձավորարեւելյան հակամարտության մասին հայտարարությամբ։

Ելույթ ունենալով Պետդեպարտամենտում՝ Քերրին պաշտպանեց պաղեստինյան տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը անօրինական համարելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունված որոշումը, որի քվեարկության ժամանակ ԱՄՆ-ը ձեռնպահ էր մնացել։

՝՝ՄԱԿ-ի քվեարկությունը մերձավորարեւելյան հակամարտությունը երկու պետություն սկզբունքով լուծելու մասին էր, եւ մենք հենց դրա կողմնակիցն ենք՛՛, հայտարարեց Քերրին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս որոշումը դատապարտել են Իսրայելի ղեկավարներն ու ԱՄՆ-ի դեմոկրատ ու հանրապետական մի շարք կոնգրեսականներ, ովքեր ասում են, թե այս քայլով ԱՄՆ-ը հետ է կանգնում իր վաղեմի բարեկամ Իսրայելին պաշտպանելու քաղաքականությունից։

Սակայն Քերրին իր հայտարարությամբ հերքում է մեղադրանքները, ում խոսքերով, Իսրայելը միշտ էլ մնալու է որպես ԱՄՆ-ի սերտ դաշնակից, ՝՝սակայն հրեական նոր թաղամասերի կառուցումը դառնում է մեծ խոչընդոտ խաղաղության գործընթացում՛՛։

՝՝Բարեկամներ, հարկավոր է, որ մենք իրար ասենք դժվար ճշմարտություններ, իսկ բարեկամությունը պահանջում է փոխադարձ հարգանք՛՛, հայտարարեց Քերրին, շեշտելով, որ ՝՝իսրայելապաղեստինայն հակամարտությունում ներկա ստատուս քվոն շարժվում է մեկ պետություն սկզբունքով, որին դեմ են շատերը՛՛։


Իսրայելցիներն ու պաղեստինցիները, Քերրիի խոսքերով, կարող են որոշել ապրել միասին մեկ պետության մեջ, կամ կարող են ընտրել երկու պետություն սկզբունքը։ ՝՝Սակայն այստեղ կա կարեւորագույն մի իրականություն. Եթե ընտրում են մեկ պետություն սկզբունքը, Իսրայելը կարող է լինել հրեական կամ դեմոկրատական։ Սակայն այս դեպքում այն չի կարող լինել երկուսը միասին՛՛, հայտարարեց Քերրին։

XS
SM
MD
LG