Թուրք իրավապահները ձերբակալել են ՝՝Cumhuriyet՛՛ ընդդիմադիր թերթի սրճարանի տնօրենին այն բանի համար, որ վերջինս ասել է, թե ինքը թեյ չի մատուցի նախագահ Էրդողանին: Իրավապահները դա որակել են որպես վիրավորանք նախագահի հասցեին: Դրա մասին ՝՝Ռոյթերս՛՛ գործակալությանը տեղեկացրել է ձերբակալվածի փաստաբաններից մեկը:
Փաստաբան Օզգուր Ուրֆայի խոսքերով, սրճարանի տնօրեն Սենոլ Բուրանն իր տնից ոստիկանություն բերման է ենթարկվել դեկտեմբերի 24-ին: Cumhuriyet թերթն այն փոքրաթիվ ընդդիմադիր թերթերի շարքում է, որոնք քննադատում են իշխանություններին:
Թուրքիայում նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսվում է մինչև 4 տարվա կալանք: Էրդողանի փաստաբանները նման շուրջ 1800 հայցերով են հանդես եկել տարբեր անձանց նկատմամբ, որոնց թվում են ծաղրանկարիչներ, նախկին միս Թուրքիան, ինչպես նաև դպրոցականներ: Վերջերս տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Էրդողանը հայտարարել էր, որ հետ կկանչի որոշ հայցեր՝ ի նշան համազգային միասնության:
Սրճարանի տնօրեն Բուրանի ձերբակալությանը նախորդել էր թերթի անվտանգությունը ապահովող ոստիկանության աշխատակցի հետ նրա վիճաբանությունը, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցը մեղադրել էր Բուրանին Էրդոհանին վիրավորելու մեջ:
՝՝Ռոյթերս՛՛ գործակալության տեղեկությամբ, Բուրանը հերքել է նախագահին վիրավորելու մեղադրանքը, սակայն հաստատել է նախագահին թեյ մատուցելու հրաժարման մասին իր խոսքերը: Ստամբուլի դատարանը կարգադրել է ձերբակալել Բուրանին, քանի որ, ըստ դատարանի, կան կասկածներ, որ նա մեղավոր է կատարած հանցանքի մեջ, և ազատության մեջ լինելով, կարող է ճնշում գործադրել վկաների նկատմամբ: Բուրանի ձերբակալությունը հաստատել է նաև ՝՝Cumhuriyet՛՛ թերթը:
Նախկինում ՝՝Cumhuriyet՛՛ թերթի 10 աշխատակիցներ, ներառյալ գլխավոր խմբագիրն ու ղեկավար անձնակազմը ձերբակալվել էին՝ քուրդ զինյալների և Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով: Թերթի նախկին գլխավոր խմբագիր Քան Դունդարը ձերբակալվել էր անցած տարի՝ Սիրիայում հակակառավարական ուժերին Թուրքիայի օժանդակության վերաբերյալ պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով: Հետագայում նա ազատ էր արձագվել և այժմ գտնվում է արտասահմանում:
Մեկ այլ «Դիկեն» թերթի նախկին խմբագիր Մահիր Քանահատը ևս ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին, ինչպես հաղորդում է Բիրգուն թերթը:
Արևմտյան երկրների պաշտոնյաներն ու իրավապաշտպանները մեղադրում են Էրդողանին՝ այլակարծությունը երկրում վերացնելու նպատակով հեղաշրջման փորձն օգտագործելու մեջ:
Ինչպես հաղորդում է ՝՝Հուրիեթ՛՛ թերթը, հետաքննվող 54 լրագրողների բանկային հաշիվները սառեցվել են: Նրանց մի մասն արդեն ձերբակալվել է՝ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով: Թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապը որակում են որպես «Գյուլենիստ ահաբեկչական կազմակերպության» հետ կապեր: Գյուլենն իր հերթին հերքում է իր կողմից հեղաշրջումը կազմակերպելու մասին մեղադրանքները և դատապարտում հեղաշրջման այդ փորձը: