“Մահ` Չինաստանի կողմից”: Սա է այն գրքի վերանգիրը, որի հեղինակը շուտով կդառնա Թրամփի վարչակազմում Սպիտակ տան Ազգային առեւտրի խորհրդի ղեկավարը: Դոնալդ Թրամփի կողմից ընդունված որոշում, որն արժանանում է իրար հակասող վերաբերմունքի:
Փիթըր Նավարրոն էր կոչ անում ամերիկացիներին չգնել չինական արտադրության եւ ոչ մի ապրանք: Նրա “Մահ` Չինաստանի կողմից” գրքում էլ ասվում է, որ դրա նպատակը Ամերիկան պաշտպանելն է:
Եվ այսպիսով, չին-ամերիկյան առեւտրային հարաբերությունների խիստ քննադատը շուտով կդառնա ԱՄՆ-ի նոր վարչակազմի անդամ:
Նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփի անցումային թիմը չորեքշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է, որ Կալիֆորնիայի համալսարանի տնտեսագետ Նավարրոն կկրճատի երկրի դեֆիցիտը, զարկ կտա տնտեսության աճին եւ կօգնի դադարեցնել Ամերիկայի տարածքից աշխատատեղերի արտահոսքը դեպի այլ երկրներ:
Հաջորդ օրն իսկ Չինաստանը հանդես եկավ հայտարարությամբ: Երկրի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգն ասաց, թե Պեկինը հույս ունի, որ ամերիկյան կողմը Չինաստանի հետ միասնական ջանքերով կպահպանի չին-ամերիկյան հարաբերություններում առողջ ու կայուն զարգացումը:
“Այդ թվում առեւտրային հարաբերությունները, որոնք ծառայում են երկու երկրների շահերին ու վճռական դեր ունեն աշխարհի զարգացման ու բարգավաճման գործում”:
Տնտեսական վերլուծաբաններից Հարրի Կազիանիսի խոսքերով, Նավարրոն ճիշտ ընտրություն է այս պաշտոնի համար:
“Նա լավ է հասկանում չին-ամերիկյան հարաբերություններում տնտեսական, ռազմավարական, ինչպես նաեւ ռազմական առումով բոլոր հարցերը, ու վստահ եմ, որ նա խելացի խորհուրդներ կտա Թրամփին` նախագահի պաշտոնում”:
Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ Թրամփը դեռեւս ԱՄՆ-ի նախագահի թեկնածու էր, հաճախ էր հանդես գալիս Չինաստանին դատապարտող հայտարարություններով` այս երկրին մեղադրելով ԱՄՆ-ում աշխատատեղերի կրճատման ու առեւտրի բնագավառում հսկա պակասուրդի մեջ:
Այնպես որ, Նավարրոյին Ազգային առեւտրի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու որոշումը կարող է ազդարարել չին-ամերիկյան առեւտրային հարցերում Ամերիկայի որդեգրած քաղաքականության փոփոխության սկիզբը: