Մատչելի հղումներ

Թրամփի երդման արարողությունը՝ մեկ ամիս անց Վաշինգտոնում


Մեկ ամիս անց այստեղ, Կապիտոլիումի առջեւ, կկայանա Դոնալդ Թրամփի երդման արարողությունը, որով Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները:

Ավանդույթի համաձայն, երդման արարողությունից առաջ ընտրված նախագահը եկեղեցի է այցելում: Պատարագից հետո ընտրված նախագահն ուղեւորվում է Սպիտակ տուն՝ հրաժեշտ տալու նախորդ նախագահին, որտեղից էլ նա ուղեւվորվում է դեպի ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք, որի առջեւ էլ ավանդաբար կայանում է երդման արարողությունը:

Երդման արարողությունը սկսվում է ուղիղ կեսօրին: Առաջինը երդում է տալիս փոխնախագահը, որից հետո ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահն ընդունում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդումը: Նախագահի երդման տեքստն ամրագրված է Սահմանադրության մեջ.

«Ես երդվում եմ ազնվորեն իրականացնել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները եւ ուժերիս սահմաններում պահպանել եւ պաշտպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Աստված թող ինձ օգնական լինի»:

Սովորաբար երդումն անցնում է Կոնգրեսի շենքի առջեւ՝ բաց երկնքի տակ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան դրան հետեւել, սակայն, հաշվի առնելով, որ արարողությունը տեղի է ունենում հունվարի 20-ին, որոշ դեպքերում չափազանց ցուրտ եղանակի պայմաններում արարողությունն անց են կացնում շենքի ներսում:

Երդման արարողությունից հետո արդեն պաշտոնը ստանձնած նախագահը դիմում է իր քաղաքացիներին: Պատմության ընթացքում ԱՄՆ-ի նախագահների երդման արարողությունների ելույթներից շատերը տեղ են գտել պատմության գրքերում.

«Հարցրեք, ոչ թե ինչ կարող է ձեզ համար անել երկիրը, այլ՝ թե ինչ կարող եք անել դուք երկրի համար», - Ռոբերտ Քենեդիի խոսքերը դրանցից մեկն են:

Երդման արարողության կարեւոր մասն են կազմում երաժշտական կատարումները: Այժմ արդեն հայտնի է, որ օրհներգը կատարելու է 16-ամյա երգչուհի Ջեքի Էվանչոն, ով 10 տարեկանում հաղթել էր երեխաների երաժշտական մրցույթում: Սակայն, հավանաբար արարողությանը ելույթ կունենա նաեւ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Վեսթը:

Արարողությունից հետո նախագահը ոտքով կամ ավտոմեքենայով ուղեւորվում է Սպիտակ տուն: Նախագահին հետեւում է տոնական շքերթը, իսկ երեկոյան տեղի է ունենում ավանդական պարահանդեսը:

Հատկանշական է, որ այս երդման արարողությունն առանձնանալու է Դոնալդ Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույցերի բազմությամբ ու անվտանգության արտակարգ միջոցառումներով:

Մասնագետների խոսքով, Դոնալդ Թրամփի առաջիկա հիմնական խնդիրն է միավորել Միացյալ Նահանգները եւ դառնալ ոչ միայն իր կողմնակիցների այլեւ՝ բոլորի նախագահ: Թե որքանով դա կհաջողվի ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Թրամփին՝ ցույց կտա ժամանակը:

XS
SM
MD
LG