Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատվեց


Երկուշաբթի Միացյալ Նահանգներում ավարտվեց նախագահական ընտրությունների եւս մեկ փուլ՝ ընտրական կոլեգիայի անդամները, հավաքվելով իրենց նահանգային մայրաքաղաքներում, նախագահ ընտրեցին Դոնալդ Թրամփին:

Ավելի վաղ, նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգում անցած ընտրությունների ընթացքում քաղաքացիները քվեարկել էին նախագահի թեկնածուների օգտին: Ընտրական կոլեգիան կոչված է վավերացնել քաղաքացիների ընտրությունը: Ընտրություններում պարտված դեմոկրատ Հիլարի Քլինթոնի թեկնածուները սակայն հորդորում էին ընտրական կոլեգիայի անդամներին խախտելով քաղաքացիների որոշումը հրաժարվել ընտրել Դոնալդ Թրամփին:

«Սա այս երկրի փրկության վերջին հնարավորությունն է», - ասում է Փենսիլվանիայում բողոքի ցույցի դուրս եկած Էլզա Լանքֆորտը:

Բանն այն է, ԱՄՆ-ի որոշ նահանգներում ընտրական կոլեգիայի անդամները ազատ են քվեն տալ ցանկացած թեկնածուի: Այսպես, եթե շուրջ երեք տասնյակ նահանգներում կոլեգիայի անդամների քվեն ուղղակիորեն կախված է նահանգի բնակչության մեծամասնության քվեից, ապա մյուս նահանգներում քվեն այլ թեկնածուին տալու համար կոլեգիայի անդամներին կամ հասնում է տուգանք 1,000 դոլարի չափով, կամ էլ՝ ոչ մի պատիժ չի հասնում: Սակայն, ընտրական կոլեգիայի բազմաթիվ անդամների խոսքով, քաղաքացիների քվեի համաձայն ընտրելը ոչ միայն օրենսդրական այլեւ՝ բարոյական հարց է, ուստի ցուցարարների պահանջներն անհիմն են.

«Դրանք բացահայտում են ժողովրդավարության թերի գիտակցում, ինչպես նաեւ՝ անարգանք», - նշում է Հյուսիսային Քարոլինայի ընտրական կոլեգիայի քարտուղար Գլեն Փինքնին:

Քլինթոնի կողմնակիցները պնդում էին, որ Հիլարի Քլինթոնին աջակցություն են հայտնել ավելի մեծ թվով քաղաքացիներ եւ հիշատակում հատուկ ծառայությունների հաղորդագրությունները՝ Դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված ռուսական հաքերների գրոհների վերաբերյալ:

Դոնալդ Թրամփի երդման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:

XS
SM
MD
LG