Մատչելի հղումներ

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ֆրիդմանի հակասական կերպարը


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին է առաջադրում բանկային սնանկացումների հարցերով փաստաբաթ Դեյվիդ Ֆրիդմանին:

Ինչպես վերլուծաբաններն են նշում, Ֆրիդմանը դեմ է այս տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականության գլխավոր կետին` իսրայելապաղեստինյան խնդիրը “երկու պետություն” սկզբունքով լուծելու դիրքորոշմանը:

Ինչպես Թրամփի նախընտրական արշավի ժամանակ էր հայտարարում Ֆրիդմանը. “Թրամփի վարչակազմը երբեք չի ստիպելու Իսրայելին գնալ “երկու պետություն” կամ որեւէ այլ սկզբունքով, որը դեմ է Իսրայելի ժողովրդի շահերին”:

Նա հակասական մի նոր հայտարությամբ է հանդես եկել նաեւ իր թեկնածության առաջադրումն ընդունելուց անմիջապես հետո` հայտարարելով, թե անհամբերությամբ սպասում է իր պարտականությունների իրականացմանը “Իսրայելի հավերժական մայրաքաղաք Երուսաղեմից”:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտոնական մայրաքաղաքը Թել Ավիվն է: Ու քանի որ Երուսաղեմն իրենց մայրաքաղաքն են համարում թե′ Իսրայելը, թե′ պաղեստինցիները, այս քաղաքի ապագա կարգավիճակն արդեն երկար տարիներ է դարձել բանակցություններում ամենադժվար լուծելի հարցը:

Ֆրիդմանը Թրամփի խորհրդականն էր վերջինիս նախընտրական արշավի ընթացքում, երբ Թրամփը հայտարարում էր, թե ինքը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխելու է Երուսաղեմ: Հարց, որը կարող է դառնալ միջազգային առարկությունների ու հակասությունների պատճառ, հատկապես արաբական աշխարհում:

Երուսաղեմի քաղաքագլուխն ասել է, թե ինքն արդեն խոսել է Թրամփի անձնակազմի հետ, դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու շուրջ:

Ասենք, որ ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրիդմանը նաեւ պաշտպանում է Հորդանան գետի արեւմտյան ափը Իսրայելին բռնակցելու գաղափարը, ինչն աշխարհի երկրների մեծամասնության կողմից համարվում է անօրինական քայլ:

XS
SM
MD
LG