ԱՄՆ-ի քաղաքացիներն անցած ամիս ընտրեցին հաջորդ նախագահին: Այսպիսով, արդյո՞ք հաղթել է այն թեկնածուն, ով ունի ձայների մեծամասնությունը:
Պարզվում է, որ ո՛չ: Հիլարի Քլինթոնը հավաքել է 65 միլիոն 700 հազար, իսկ Դոնալդ Թրամփը` 62 միլիոն 900 հազար ձայն: Իսկ ինչպես՞ է, որ նա է ընտրվել նախագահ:
Իրականում նախագահի ընտրությունը կատարվում է Ընտրական կոլեգիա կոչվող սահմանադրական համակարգով: Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամները քվեարկում են այդ նահանգում ձայների առավելությունը ստացած թեկնածուի օգտին: Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին:
Այսպիսով, ավելի մեծ բնակչություն ունեցող նահանգները ունեն կոլեգիայի ավելի շատ անդամներ, իսկ ավելի փոքր բնակչություն ունեցող նահանգները` ավելի քիչ անդամներ: Նախագահի հաղթող թեկնածուն պետք է հավաքի կոլեգիայի անդամների ձայների մեծամասնությունը, կամ 270 ձայն:
Այս ընտրություններում Թրամփը 306 ձայն է ստացել, իսկ Քլինթոնը` 232:
Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջորջ Էդվարդսը բացատրում է, թե ինչու՞ են ԱՄՆ-ի նախահայրերը Սահմանադրության մեջ ընդգրկել Ընտրական կոլեգիան:
Նա ասում է,- «Շատերը ժողովրդին չեն վստահել ընտրության հարցում: Եվ իհարկե նման ընտրություններ երբևէ չէին անցկացվել և բնականաբար բնակչության հանդեպ անվստահությունը արտասովոր երևույթ չէր»:
Այս տարվա անսովոր ընտրություններից հետո կոլեգիայի անդամներից մի քանիսի վրա ճնշում է գործադրվում՝ փոխել իրենց ընտրությունը: Սակայն ընտրված թեկնածուին փոխելու համար Թրամփը պետք է գոնե 37 ձայն կորցնի՝ ինչը հավանական չէ: Այժմ բանակցություններ են տարվում արդեն հնացած Ընտրական կոլեգիայի համակարգը վերացնելու շուրջ:
Էդվարդսը ասում է,- «Կարծում եմ Ընտրական կոլեգիան ոչ մի արժեք չունի: Դա խախտում է քաղաքական հավասարությունը, ինչը նշանակում է, որ բոլոր ձայները հավասարապես չեն հաշվվում»:
Երկուշաբթի օրը Ընտրական կոլեգիայի անդամները քվեարկություն են անցկացնելու: Սպասվում է, որ ընտրություններում սա պարզապես ձևական կողմն է լինելու: Այնուհետև Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին հանդիսավոր կերպով ստանձնելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: