ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգները համապատասխան գործողությունների կդիմի ԱՄՆ-ի ընտրությունների գործընթացում ազդեցություն գործելու նպատակ ունեցող Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի դեմ:
Պատասխանելով ԱՄՆ-ի Ազգային հանրային ռադիոյի հարցերին` Օբաման Սպիտակ տանն ասել է, թե Ռուսաստանի կողմից ակնհայտ գործողությունները պահանջում են ամերիկյան կողմից պատասխան:
“Կասկած չկա, որ եթե օտար որեւէ պետություն փորձում է իր ազդեցությունը գործել մեր ընտրությունների վրա, մենք պետք է դիմենք համապատասխան քայլերի: Եվ դա մենք կանենք մեր ուզած ժամանակահատվածում եւ ցանկացած վայրում: Այդ քայլերից որոշ մասը կլինի բացահայտ, որոշ մասը` ոչ: Պուտինն այս հարցի շուրջ իմ տրամադրությունների մասին լավ գիտի”, ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը եկել է այն եզրահանգման, որ Ռուսաստանի հաքերները մուտք են գործել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համակարգիչների ցանցը, եւ Դոնալդ Թրամփին օգնելու նպատակով, տարածել համակարգիչներից հափշտակված էլեկտրոնային գաղտնի նամակներ:
Սպիտակ տան պաշտոնատար անձինք հայտարարել են, թե նման բան տեղի ունենալ չէր կարող առանց նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական գիտության: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն, այս մեղադրանքներն ավանել է “հիմարություն” եւ “ծիծաղելի անմտություն”:
Օբաման ասել է, թե հետախուզական գործակալությունները ներկայումս շարունակում են հետաքննությունը, որից հետո կհրապարակեն վերջնական մի զեկույց` բոլոր մանրամասնություններով:
“Եթե Ռուսաստանը կամ որեւէ այլ մեկը հաքերային հարձակում էր իրականացնում, ինչո՞ւ էր Սպիտակ տունը սպասում այսքան երկար ժամանակ, եւ ինչու՞ նրանք սկսեցին բողոքել միայն Հիլարի Քլինթընի պարտությունից հետո”, “Թվիթեր”-ի իր էջում հարց է տալիս Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթի խոսքերով, ԱՄՆ-ի հետախուզության կողմից այդ մասին զեկույց հրապարակվել է ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ: