Մատչելի հղումներ

Նավթի համաշխարհային գները շուտով նկատելիորեն կբարձրանան


Նավթի արտահանման ծավալները կրճատելու մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության կողմից ընդունված որոշումից հետո, երբ գները հասան անցած 18 ամիսների ընթացքում ամենաբարձր մակարդակին, նորից անկում են ապրում, քանի որ Միացյալ Նահանգների պահեստներում կուտակվել են անմշակ նավթի մեծ պաշարներ։

Սակայն գները չորեքշաբթի օրը նորից աճեցին, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը տոկոսադրույքները բարձրացրեց քառորդ տոկոսով։ Մի բան, որը խոսում է ԱՄՆ-ում տնտեսության աճի մասին։ Դոլարի ինքնարժեքի բարձրացման հետեւանքով էլ նավթի գներն աճում են այն երկրներում, որոնք կիրառում են այլ արտարժույթներ։ Ինչպես Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարքինդոն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին, ՝՝Վերջին տարիների ընթացքում գներն անկում էին ապրել 8Օ տոկոսով, ինչի արդյունքում մեծապես տուժել էր նավթարդյունաբերությունը՛՛։

2Օ15 թվականի ընթացքում էլ, ասում է նա, ներդրումներն այս բնագավառում կրճատվել էին 26 տոկոսով։ Այս տարի ներդրումների կրճատման ծավալները կկազմեն մոտ 22 տոկոս։ Եվ այս իրադրությունը, նրա խոսքերով, վնասակար է ոչ միայն նավթարդյունահանող երկրների, այլ նաեւ մյուս բոլոր երկրների համար, քանի որ այն սպառնում է մատակարարման ծավալներին։

Նավթ արտահանող ամենաառաջատար երկիրը՝ Սաուդյան Արաբիան նոյեմբերի 3Օ-ին էր համաձայնել նավթի արդյունահանման ծավալներն օրվա կտրվածքով կրճատել 486 հազար բարելով։ Կազմակերպության ոչ անդամ պետությունները՝ Ռուսաստանի գլխավորությամբ համաձայնել են արդյունահանման ծավալները կրճատել 558 հազար բարելով, ինչը ոչ անդամ պետությունների կողմից երբեւէ իրականացված ամենախոշոր կրճատումն է։ Ինչպես տնտեսական վերլուծաբաններն են ասում, արդյունահանման ծավալների կրճատումը նավթարդյունաբերությանը զարկ կտա եկող տարվա ընթացքում։

Նավթ արտահանող երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար Բարքինոյի խոսքերով, նավթարդյունաբերությունը շարժվում է ցիկլերով՝ ժամանակ առ ժամանակ գրանցելով արագ աճ, երբեմն՝ արագ անկում։

Սակայն 2Օ14 թվականից սկսված վերջին այս ցիկլը հիշողության մեջ կմնա որպես մինչ այժմ գրանցված ամենադժվար ցիկլը։

XS
SM
MD
LG