Մատչելի հղումներ

ԴԱԵՇ-ը վերագրավել է պատմական Պալմիրան


Palmira
Palmira

«Իսլամական պետություն» խմբավորումը կիրակի օրը, չնայած Ռուսաստանի հրթիռային հարվածներին, վերագրավեց Սիրիայի հինավուրց Պալմիրա քաղաքը, և ստիպեց Սիրիայի կառավարական բանակին լքել UNESCO-ի պաշտպանության տակ գտնվող քաղաքի պատմական հատվածը: Սա ԴԱԵՇ-ի զինյալների առաջին հաջողությունն էր վերջին մեկ տարում Սիրիայում և Իրաքում կրած մի շարք պարտություններից հետո: ԴԱԵՇ-ը Պալմիրայից ստիպված էր հեռանալ այս տարվա մարտին՝ 2000 տարվա պատմություն ունեցող պատմական հատվածն ավերելուց հետո:

ԴԱԵՇ-ի զինյալները տեղափոխվեցին դեպի հարավ այն ժամանակ, երբ սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ մարտեր են վարում Հալեպի հյուսիսում քաղաքի վերահսկողության համար, իսկ որոշ ուժեր շարժվում են դեպի ԴԱԵՇ-ի կենտրոն Ռաքքա:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը քննադատության ենթարկեց Ռուսաստանին սույն առիթով:

«Ռուսաստանը ասում էր, որ պատրաստվում է կռվել ԴԱԵՇ-ի դեմ: Սակայն այն դրժեց իր խոստումը և արդյունքում ավելի սրեց իրավիճակն ու երկարացրեց Սիրիայի ժողովրդի տառապանքները»:

Կիրակի օրը Քարտերը Բահրեյնում տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը ևս 200 զինծառայող է ուղարկում Սիրիա, ովքեր կմիանան այնտեղ արդեն գտնվող 300 հատուկջոկատայիններին: Ամերիկացի զինծառայողներն այնտեղ ընդգրված են տեղական ուժերի վերապատրաստման գործում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը օգնում էր սիրիական կառավարական զորքերին վերագրավել արևելյան Հալեպը, որի արդյունքում վերջին երկու օրվա ընթացքում շուրջ 50 հազար խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:

«Խաղաղ բնակչության հեռացումից հետո սիրիական բանակը կշարունակի իր գործողությունները Հալեպն իր շրջակայքով ազատագրելու ուղղությամբ, և զինյալները կամ կհեռանան այստեղից, կամ կոչնչացվեն»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նախագահ Բաշար ալ Ասադը դիտարկում է բոլոր իրեն ընդդիմադիր ուժերին որպես ահաբեկիչներ և զինյալներ:

Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը կոչ է արել շարունակել գործադրել ջանքեր՝ ստիպելու Ռուսաստանին դադարեցնել ռազմական պայքարը սիրիական ընդդիմության դեմ:

«Մենք պետք է դիմենք Ռուսաստանին, որ այն օգտագործի իր ազդեցությունը քաղաքացիական պատերազմը դադարեցնելու և Սիրիան վերականգնելու համար, որի տարբեր խմբերից բաղկացած նոր կառավարությունը կներկայացնի ամբողջ Սիրիայի ժողովուրդը: Դրանից հետո կարող ենք ձեռնամուխ լինել՝ պայքարելու ԴԱԵՇ-ի դեմ»:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը պայքարելու է ընդդեմ զինյալների խմբավորման, սակայն չի ներգրավվելու սիրիական քաղաքացիական պատերազմում:

XS
SM
MD
LG