Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում անցան լսումներ Ռուսասատնում և Արևելյան Եվրոպայում կոռուպցիայի խնդրի մասին


The U.S. Capitol building, November 2011 file photo.
The U.S. Capitol building, November 2011 file photo.

Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում անցան լսումներ Եվրոպայում և եվրասիական մայրցամաքում կոռուպցիայի խնդրի և ժողովրդավարական ինստիտուտների վրա դրա ազդեցության մասին: Մասնակիցների թվում էին Հուդզոնի հաստատության ծրագրերից մեկի ղեկավար Չարլզ Դեյվիդսոնը, Մարշալի հիմնադրամի փոխնախագահ Իվան Վեյվոդը և ռուս գործարար Սերգեյ Կոլեսնիկովը՝ «Պետրոմեդ» ընկերության համահիմնադիրը: Դրա մասին տեղեկացնում է Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայությունը:

Ելույթ ունեցողները արձանագրեցին, որ կոռուպցիան գոյություն ունի ամենուր, ներառյալ Միացյալ Նահանգներում և անգամ Շվեդիայում, սակայն Արևելյան Եվրոպայում և եվրասիական տարածաշրջանում այն հասելի է վտանգավոր չափերի:

Դեմոկրատ կոնգրեսական Գրիգորի Միքսը ընդգծել է, որ ամենագլխավոր խնդիրը Ռուսաստանի կոռուպցիան է, որն այստեղ կրում է համակարգային բնույթ և արտահանվում է եվրոպական այլ երկրներ: Ռուսաստանն այն օգտագործում է հարևան երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Մոնտենեգրոյի վրա ճնշում գործադրելու համար: Այդ պատճառով, ըստ կոնգրեսականի, Ռուսաստանում առկա կոռուպցիան պետք է լինի ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում: Դրա հետ մեկտեղ, կոնգրեսականը հույս հայտնեց, որ ապագայում հակակոռուպցիոն բարեփոխումները կունենան պահանջարկ նաև Ռուսաստանում, որը ևս կդառնա ազատ և ժողովրդավարական երկիր:

Լսումներին իր ելույթի ընթացքում գործարար Կոլենսնիկովը, ով ստիպված լքել էր երկիրը 2010 թվականին և նամակով դիմել այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևին, նշել է, որ այսօր կոռուպցիան Ռուսաստանում իշխանության կոնսոլիդացման հիմնական գործիքն է: Դրան, ըստ Կոլեսնիկովի, նպաստում են Կրեմլի վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքները, որոնք յուրաքանչյուր օր բնակչությանը քարոզում են, որ ամեն ինչում մեղավոր են ԱՄՆ-ը և Եվրամիությունը:

«Այսօր Ռուսաստանում իշխող քաղաքական գործիչների հիմնական խնդիրն է իշխանության պահպանումը, քանի որ նրանք Ռուսաստանը դիտարկում են որպես իրենց հարստության աղբյուր»,-ասել է գործարարը:

Կոլեսնիկովը նաև ավելացրել է, որ ռուսական կոռուպցիոներները գիտակցում են, որ հարստությունը կարող է պաշտպանված լինել օրենքով միայն ժողովրդավարական երկրներում, ուր առկա է օրենքի գերակայություն, ուստի նրանք շարունակում են ամեն կերպ դուրս բերել իրենց ակտիվներն ու փողերը արտասահման:

Չարլզ Դեյվիդսոնն արձանագրեց, որ կոռուպցիայի բարձր աստիճանը թույլ է տալիս կենտրոնացնել մեծ իշխանություն փոքր խմբի ձեռքում՝ բերելով ավազակապետության: Փորձագետի կարծիքով նման ավազակապետություններն են, որ իրենց թույլ են տալիս վարել ագրեսիվ քաղաքականություն հարևան երկրների դեմ, որի վառ օրինակն է Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ:

Օգնում են արդյո՞ք պատժամիջոցները կոռուպցիայի դեմ պայքարում

Լումներին քննարկվող հիմնական հարցերից էր Ռուսաստանի, Սերբիայի և այլ երկրների դեմ պատժամիջոցների կիրառման արդյունավետությունը:

Պատասխանելով հանրապետական կոնգրեսական Դանա Ռորաբահերի հարցին Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունավետության մասին՝ փորձագետ Դեյվիդսոնը կարծիք է հայտնել, որ դրանք չափազանց արդյունավետ և նպատակահարմար են կարճաժամկետ կտրվածքով:

Իվան Վեյվոդն իր հերթին ասել է, որ պատժամիջոցները օգտակար են, և որ Ռուսաստանը բարձր գին է վճարում Ուկրաինայում իր գործողությունների համար, սակայն այդ պատժամիջոցները վնաս են հասցնում նաև եվրոպական տնտեսություններին:

Կոլեսնիկովը նշել է, որ պատժամիջոցները լրջորեն ազդում են Ռուսաստանի վրա:

«Պատժամիջոցները պետք է ունենան հստակ խնդիր: Երբ դրանք հստակ չեն, ապա հասկանալի չեն»,-ասել է գործարարը:

Լսումների ընթացքում արձանագրվեց, որ ամենաարդյունավետ պատժամիջոցի ձևն իրավաբանական և ֆիզիկական կոնկրետ անձանց դեմ պատժամիջոցներն են, ովքեր մեղադրվում են փողերի լվացման և կոռուպցիայի մեջ:

«Մագնիցկու օրենքը» և միջուկային սուզանավերը

Ծավալուն քննարկում ընթացավ հատկապես «Մագնիցկու օրենքի» շուրջ: Կոնգրեսական Ռորաբահերը հիշեցրեց, որ ժամանակին նա հանդես էր գալիս ընդդեմ նրա, որ օրենքից հանվեր Սերգեյ Մագնիցկու անունը, քանի որ այդ դեպքում այն կդառնա «անիմաստ ապտակ Ռուսաստանին»:

Ինչպես հայտնի է, օրենքն ընդունվել էր այն բանից հետո, երբ ռուսական «Մատրոսկայա տիշինա» բանտում մահացել էր իրավաբան Սերգեյ Մագնիցկին, ով բացահայտել էր Ռուսաստանի բյուջեից միջոցների խոշորածավալ յուրացման սխեմաները:

Պատասխանելով կոնգրեսականի հարցին՝ Սերգեյ Կոլեսնիկովը կարևորել է օրենքի ընդունումը և ընդգծել, որ «Մագնիցկու օրենքը» մի քանի միջուկային սուզանավերից ավելի կարևոր դեր ունի, քանի որ այդ օրենքի շնորհիվ կոռուպցիոներները հասկացել են, որ կարող են պատժվել, եթե ոչ իրենց երկրում, ապա արտասահմանում:

Ուկրաինայի և Ռուսաստանի կոռուպցիայի դեմ պայքարի երեք տարբերությունները

Խոսելով Ուկրաինայի մասին՝ ելույթ ունեցողները հիշեցին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերը, ըստ որի կոռուպցիան «քաղցկեղի ուռուցք է», որը տարածվել է ամբողջ ուկրայինական հասարակության վրա:

Իվան Վեյվոդան արձանագրել է, որ այս երկրում, չնայած շատ բացթողումների, որոշ բարեփոխումներ, սակայն, իրականացվել են վերջին երկու տարիների ընթացքում և կան դրական արդյունքներ, որոնցից են օրինակ՝ պետական գնումների համակարգի բարեփոխումը կամ պաշտոնյաների և պատգամավորների եկամուտների պարտադիր հայտարարագրումը:

Կոլեսնիկովը, ով գործարար առնչություն ունի ուկրաինական գործարարների հետ, ընդգծում է, որ ռուսական և ուկրաինական կոռուպցիայի դեմ պայքարների միջև կա երեք տարբերություն: Առաջին տարբերությունն, ըստ գործարարի, կայանում է նրանում, որ Ուկրաինայում առկա է մամուլի ազատություն: Երկրորդը՝ Ուկրաինայում ընթանում են իրական մրցակցային ընտրություններ: Եվ երրորդը՝ Ուկրաինայում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որն «այլևս չի ցանկանում ապրել կոռումպացված երկրում»:

XS
SM
MD
LG