Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը դեռ մշակման փուլում է, կարծում են փորձագետները


President-elect Donald Trump, left, listens to retired United States Marine Corps General James Mattis after appointing Mattis as upcoming Secretary of Defense while speaking to supporters during a rally in Fayetteville, N.C., Tuesday, Dec. 6, 2016.
President-elect Donald Trump, left, listens to retired United States Marine Corps General James Mattis after appointing Mattis as upcoming Secretary of Defense while speaking to supporters during a rally in Fayetteville, N.C., Tuesday, Dec. 6, 2016.

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով հետընտրական իր հաղթարշավը երկրով մեկ, կրկին հնչեցրել է երկու դրույթ իր քարոզարշավից:

«Մենք կդադարեցնենք տապալել օտարերկրյա այն վարչակարգերը, որոնց մասին մենք չգիտենք ոչինչ և որոնց հետ չպետք է առնչվենք: Փոխարենը մեր թիրախն է լինելու ահաբեկչության դեմ պայքարն ու ԴԱԵՇ-ի վերացումը»,- ասել է Թրամփը:

Իր աջակիցների ծափահարությունների ներքո նա հնչեցրել է նոր պաշտպանության նախարարի՝ Ջեյմս Մեթիսի անունը և վերահաստատել իր նախընտրական խոստումներից մեկը՝ ամերիկյան ՝՝սպառված՛՛ բանակի վերակազմավորումը:

ՆԱՏՕ-ի շրջանակում ամերիկյան գործընկերների հետ հարաբերությունների մասին խոսելիս՝ Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ը չի մոռանա իր գործընկերներին, և որ Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել հին կապերն ու գտնել նոր գործընկերներ:

Միջամտությունների ու քաոսի ապակառուցողական շրջանը դադարեցնելու մասին Թրամփի կոչը որոշ փորձագետներ դիտարկել են որպես «չմիջամտության» արտաքին քաղաքականության որդեգրում: Սակայն արտաքին քաղաքականության փորձագետ Մայքլ Օհենլոնի համար նման մեկնաբանությունը չափից ավելի հասարակ է թվում:

«Կարծում եմ ամեն ինչ կախված է տարածաշրջանից: Օրինակ Թրամփն ասել է, որ ցանկանում է վերացնել ԴԱԵՇ-ը, որը չի տեղավորվում չմիջամտության քաղաքականության շրջանակների մեջ»:

Քարոզարշավի ընթացքում նա բազմիցս քննադատել է իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին Իրաքում և Լիբիայում ռազմական միջամտության աջակցման համար, որը ըստ նրա՝ ճանապարհ հարթեց դեպի անկայունություն և ահաբեկչություն՝ տարածաշրջանում:

Ցամաքային լայնածավալ ռազմական գործողության փոխարեն Թրամփն իր նախընտրությունն է տալիս սահմանափակ հրթիռային հարվածներին ընդդեմ ԴԱԵՇ-ի:

«Մի խոսքով նա կարող է ավելի շատ կիրառել հատուկ հրթիռային հարվածներ, վերացնել համապատասխան թիրախները և սահմանափակել ամերիկյան ցամաքային զորքերի ներկայությունը տարածաշրջանում», - ասել է Օհենլոնը:

Թրամփի կողմից Մեթիսի նշանակումը, ով մեծ փորձ ունի ՆԱՏՕ-ի հետ հարցերում, ազդանշան է օտարերկրյա առաջնորդներին և դաշնակիցներին իր արտաքին քաղաքականության մասին:

«Ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում նա նվազեցրեց շատ դաշինքների հասցեին իր քննադատությունը և ավելի զգուշավոր դարձավ իր յուրաքանչյուր խոսքում՝ հատկապես հաշվի առնելով Պենտագոնի ղեկավարի պաշտոնում գեներալ Մեթիսին նշանակելու փաստը»:

Սակայն Թրամփի թիմում պաշտոններ ստանձնածների շրջանակում առկա են կոշտ քաղաքականության կողմնակիցներ, ուստի փորձագետների կարծիքով Թրամփի արտաքին քաղաքականությունը դեռ մշակման փուլում է:

XS
SM
MD
LG