Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Համբուրգում ընթացող նախարարների խորհրդի նիստին: Նա ասել է, որ ավտորիտար մտածողության արդյունքում աշխարհում գրանցվում է հետընթաց մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մամուլի զարգացման ոլորտներում, ինչպես նաև աճում է անհանդուրժողականությունն ու ատելության վրա հիմնված հանցագործությունների թիվը:
Քերին ասել է, որ ավտորիտարիզմը դա հեռացում է ժողովրդավարական սկզբունքներից, ազատությունից և թափանցիկությունից:
«Մենք բոլորս ականատես ենք, թե ինչ է տեղի ունենում: Երկրներում զարգանում է կոռուպցիան, աճում է ավտորիտարիզմը, որոշ առաջնորդներ փոխում են սահմանադրությունն իշխանության կոնսոլիդացման համար, կեղծ լուրեր են տարածվում մամուլի նոր պլատֆորմների միջոցով, որոշ դեպքերում խրախուսվում են խոշտանգումները: Պարզ ասեմ՝ մոլեռանդությունը, ճնշումները և այլակարծության լռեցումը ոչ մեկի կողմից չի կարող ընկալվել նորմալ: Յուրաքանչյուր մի փոքր հեռացում հիմնարար ազատություններից ևս մեկ քայլ է դեպի բռնապետություն»,-ասել է Քերին
Քերին նաև նշել է, որ Արևելյան Ուկրաինայի հակամարտությունը և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն արդեն երկար ժամանակ է տևում և կոչ արել ԵԱՀԿ-ին՝ շարունակելու ջանքերն այդ խնդիրների խաղաղ կարգավորման համար:
Նա ավելացրել է, որ կարճատև հակամարտությունը չպետք է խանգարի Ուկրաինային՝ զարգացնելու ժողովրդավարությունը որպես երկարաժամկետ նպատակ:
ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում պետքարտուղար Քերին հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին՝ քննարկելու սիրիական Հալեպում ընթացող զարգացումներն ու բռնության դադարեցմանն ուղղված ջանքերը: Ռուսական պաշտոնական աղբյուրները զգուշորեն լավատեսություն են հայտնել՝ հաղորդելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությանը Հալեպի հարցում, իսկ ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանություններից:
ԵԱՀԿ-ի երկօրյա հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության անդամ 57 երկրների արտգործնախարարներ:
Հանդիպման օրակարգում են իրավիճակն Ուկրաինայում և խաղաղությունն ու անվտանգությունն աշխարհամասում:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հյուրընկալող կողմն էր որպես ԵԱՀԿ գործող նախագահ: