Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագիրն ԱՄՆ-ի համար «պոտենցիալ աղետ է»:
«Փոխարենը մենք կբանակցենք արդար, երկկողմանի առևտրային պայմանագրեր, որոնք Միացյալ Նահանգներ կվերադարձնեն աշխատատեղերն ու արդյունաբերությունը»,-հայտարարել է նորընտիր նախագահը:
Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության երկրների նախարարները ստորագրել են համաձայնագիրը 2016 թվականի փետրվարին՝ նշելով, որ իրենց նպատակն է «նպաստել մասնակից երկրների բարգավաճմանը, ստեղծել նոր աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական զարգացում բոլոր մասնակիցների համար»:
Ճապոնիայի վարչապետ Շինզու Աբեն ասել է, որ առանց Միացյալ Նահանգների այս առևտրային համաձայնագիրը դատապարտված է:
«12 երկրների ներկայացուցիչների հանդիպմանը չի քննարկվել առանց ԱՄՆ-ի » Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության կայացման հարցը: Այս համաձայնագիրն անիմաստ է առանց Միացյալ Նահանգների: Դրանով կխախտվի հիմնարար օգուտների հետ կապված հավասարակշռությունը, ուստի դրա վերաբանակցումը անհնարին է: Այս պահին ես զերծ կմնամ ԱՄՆ-ի գալիք վարչակազմի քաղաքականության մասին մեկնաբանությունից»:
Նախագահ Բարաք Օբաման աջակցել էր առևտրային այս համաձայնագիրին, մինչդեռ Կոնգրեսը երբեք չի տրամադրել իր համաձայնությունը։
Ավստրալիայի առևտրի նախարարն, իր հերթին, պնդում է, որ Միացյալ Նահանգների դուրս գալը համաձայնագրից չի նշանակում, որ այն ամբողջապես տապալված է:
«Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագիրը կնքվել է այնպես, որ ԱՄՆ-ի կաողմից այն վավերացնելու անհրաժեշտություն կա, սակայն առջևում կա դեռևս երկու տարի մինչև վավերացումը տեղի ունենա: Անցել է ընդամենը 8 կամ 9 ամիս այդ շրջանից, ուստի դեռևս ժամանակ կա»:
Առանց ԱՄՆ-ի համաձայնագիրը չի կարող գործել, քանի որ համաձայնագրում կա կետ, որ այն պետք է հաստատվի բոլոր 12 երկրների կողմից կամ առնվազն 6 երկրի կողմից, որոնք կազմոմ են ընդհանուր մասնակից երկրների համախառն ներքին արդյունքի 85 տոկոսը: ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կազմում է խմբի ՀՆԱ-ի 60 տոկոսը, ուստի առանց ամերիկյան մասնակցության հնարավոր չէ հասնել համաձայնագրի հաստատմանը:
Օբամայի վարչակազմը համաձայնագիրը գնահատում էր օգտակար ամերիկացի աշխատողների և մնացած 11 երկրների համար, քանի որ այն նախատեսում էր նոր չափանիշներ աշխատավարձերի, աշխատաժամերի, պայմանների և մանկական աշխատուժի օգտագործման արգելման համար: