Աֆղանստանում շարունակվող բռնությունների արդյունքում այս երկրում հարյուր հազարավոր մարդիկ են հեռացել իրենց տներից։ Եվ այսօր, երբ ձմեռը հեռու չէ, նրանցից շատերը չունեն կացարան, սակայն ունեն մարդասիրական մեծ օժանդակության կարիք։
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, Աֆղանաստանում իրենց տները թողած մարդկանց թիվը մինչեւ այս տարեւերջ կանցնի մեկ միլիոնի սահմանը։ Այս թվի մեջ են մտնում այն փախստականները, որոնց արտաքսել են հարեւան երկրներից եւ նրանք, ովքեր, խուսափելով վտանգից, իրենք են հեռացել իրենց տներից։
Ներքին տեղահանված անձանց տրամադրվում է օգնություն մեկ ամսվա չափով։ Ու եթե տվյալ անձն իր տնից հեռացել է ավելի քան մեկ ամիս, նա այլեւս զրկվում է նոր օգնություն ստանալու հնարավորությունից։
Ինչպես Սանգինից 7 տարի առաջ տեղահանված Նուր Մուհամեդն է ասում, իրենք չունեն կացարաններ։ ՝՝Տեսեք, երեխաները խաղում են ցեխի մեջ։ Դպրոց չեն հաճախում։ Չկան առողջապահական հաստատություններ։ Չունենք ձմռան ցրտից պաշտպանվելու որեւէ հնարավորություն՛՛, ասում է նա։
Այս պայմաններից ամենաշատն իհարկե տուժում են կանայք ու երեխաները։ Միջազգային կազմակերպությունները նրանց են համարում ամենախոցելի զանգվածն Աֆղանստանում։
՝՝Իշխանությունները մեզ պարզապես թողել են այս վրաններում լիովին անտեսված՛՛, ասում են ներքին տեղահանվածները։
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ աֆղանստանցի տեղահանվածների թիվը շարունակելու է արագ աճել։ Սակայն նրանց հատկացվող օգնության ծավալներն աճելու փոխարեն, սկսել են կրճատվել։