Մատչելի հղումներ

ՈՒՂԻՂ ԽՈՍՔ. Օբամա՝ Ամերիկայի ամենամոտ բարեկամները ժողովրդավար պետություններն են


«Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնում է հատվածներ Հունաստանում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթից:

«Մարդկության պատմության ընթացքում ոմանք հայտարարում էին, թե մարդիկ չեն կարող գոյատեւել ժողովրդավարության պայմաններում, որ մարդիկ ինքնուրույն ապրել չեն կարող եւ որ նրանց անհրաժեշտ է ասել, թե ինչ անել: Այդ մարդկանց կարծիքով, պետք է լինի ղեկավար, ով կարգ ու կանոն կպահպանի՝ բռնության, հարկադրանքի կամ «երկաթե բռունցքի» միջոցով»:

«Նույնիսկ այսօր մենք լսում ենք, թե իբր ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գաղափարները Արեւմուտքին բնորոշ գաղափարներ են միայն եւ որ որոշ մշակույթներ ժողովրդավար համակարգի համար ստեղծված չեն, այլ նախընտրում են ավտորիտար ղեկավարների: Որպես ԱՄՆ-ի նախագահ, վերջին 8 տարիներին աշխարհի տարբեր երկրներ այցելելուց հետո կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկիր անշուշտ իր ուղին եւ իր ավանդույթներն ունի, սակայն հավատացած եմ, որ հիմնարար ցանկությունները՝ ապրել արժանապատիվ, սեփական կյանքի ու ապագայի տերը լինել եւ ազգի, համայնքի մաս լինել, այդ ցանկությունը համընդհանուր են: Դրանք փայփայում է յուրաքանչյուր մարդ իր հոգում»:

Ի տարբերություն պարտադրանքով կառավարվող վարչակարգերի, ժողովրդավար երկրներում քաղաքացիները գիտակցում են, որ կա փոփոխություններին հասնելու խաղաղ ճանապարհ, այդ թվում եւ՝ ոչ բռնի ճնշման միջոցով: Հենց դա է կայունություն բերում, որն էլ հաճախ օգնում է տնտեսական զարգացմանը: Անցած երկու դարերի պատմությունն ապացուցել է, որ ժողովրդավար երկրների միջեւ պատերազմները քիչ հավանական են: Այնպես որ, ժողովրդավարության զարգացումը դրական է ոչ միայն ամբողջ աշխարհի բնակչության, այլեւ՝ մեր իսկ ազգային անվտանգության համար: Այդ պատճառով Ամերիկայի ամենամոտ բարեկամները ժողովրդավար պետություններն են: Հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ում մենք միասնական ենք որպես ժողովրդավար պետությունների միություն»:

«Գլոբալիզացիայի, տեխնոլոգիաների եւ ինտեգրման զարգացման ուժերը, որոնք լուրջ առաջընթաց են ապահովել եւ զգալի հարստություն ստեղծել, նաեւ բացահայտել են խորը բաժանարար գծեր: Աշխարհով մեկ ինտեգրումը, առեւտուրը, համագործակցությունն ու ինտերնետը բարելավել են միլիարդավոր մարդկանց կյանքեր, փրկել մարդկանց ծայրահեղ աղքատությունից եւ հիվանդություններից, թույլ տվել նրանց ավելի երկար ապրել, տվել նրանց կրթության նոր, նախկինում չտեսնված հնարավորություններ: […] Սակայն, բազմաթիվ երկրներում եւ համայնքներում գոյացել են հսկայական պառակտումներ: Տեխնոլոգիաները թույլ են տվել արտադրությունների բարձր ծավալներ ապահովել ավելի փոքր թվով աշխատողներով, հնարավորություն են տվել տեղափոխել արտադրություններն արտերկիր, որտեղ աշխատավարձն ավելի ցածր է եւ աշխատողների իրավունքները պաշտպանված չեն»:

«Անհավասարությունը, որը նախկինում մարդիկ հանդուրժում էին, որովհետեւ տեղյակ չեին դրա մասին, այսօր չի հանդուրժվում նաեւ այն պատճառով, որ մարդիկ տեղյակ են, թե որքան անհավասար է կյանքը, քանի որ յուրաքանչյուրն ունի բջջային հեռախոս եւ կարող է տեսնել, որքան մեծ է անհավասարությունը: Աֆրիկայի ամենափոքր գյուղերում կարող են տեսնել, թե ինչպես են ապրում մարդիկ Լոնդոնում կամ Նյու Յորքում: Այնպես որ, աճում է ոչ միայն անհավասարությունը, այլեւ՝ դրա մասին տեղեկացվածության աստիճանը: Հենց այդ պատճառով անհավասարության կրճատումն իմ տնտեսական քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է: Երբ ընկերության ղեկավարն ավելի շատ գումար է վաստակում մեկ օրվա ընթացքում, քան նրա աշխատողը մեկ տարվա ընթացքում, երբ աշխատողները տեսնում են, ինչպես է փակվում մի գործարան, որն աշխատատեղերով էր ապահովում ամբողջ քաղաքի բնակիչներին, մարդկանց մոտ համոզմունք է ձեւավորվում, որ գլոբալիզացիայի արդյունքում շահում են միայն վերեւում գտնվողները»:

XS
SM
MD
LG