Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության տասնյակ անդամների ու երկու նախագահներին


Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության տասնյակ անդամների ու երկու նախագահներին
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Թուրքիայի խորհրդարանում երրորդ ամենախոշոր խմբակցության անդամների ձերբակալության փաստը մեծապես մտահոգում է այս երկրի քաղաքական գործիչներին, ժողովրդավարության ջատագովներին ու Եվրոպական Միության ղեկավարներին։

Ով ասում է ես քուրդ եմ, ես հայ եմ, ով ասում է ես իրավունքներ ունեմ, Թուրքիայում ասում են ՝՝ուրեմն դու ահաբեկիչ ես՛՛։ Այսպես է լրագրողների հարցին պատասխանում Թուրքիայի խորհրդարանի անդամ, այս երկրի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր հայազգի Կարօ Փայլանը, խոսելով ուրբաթ օրն իրականացված ձերբակալությունների մասին։ Թուրքիայի ոստիկանությունը Դիարբեքիրում եւ Անակարայում ձերբակալել է քրդամետ այս կուսակցությունից ընտրված տասնյակ պատգամավորների, այդ թվում՝ երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին եւ Ֆիգեն Յուքսեղդաղին, որոնց անմիջապես տեղափոխել են դատարան։

՝՝Սա մի դավադրություն է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ, այն դավադրություն է ընդդեմ բազմակարծության ու հավասարության։ Իշխանություններն այստեղ ուզում են միայն մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն եւ մեկ կրոն։ Իսկ դա ֆաշիզմ է՛՛, ասում է Փայլանը։

Նույն կուսակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Հուդա Քայայի խոսքերով, այս կուսակցությանը խորհրդարանից փաստացի դուրս են վտարել։

՝՝Սա նշանակում է, որ այստեղ անտեսում են 6 միլիոն ընտրողների՛՛։

Նա հիշեցնում է, որ այս ձերբակալությունների համար հող էր նախապատրաստվել ամիսեր առաջ, երբ ընդունվել էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավորներին անձեռնմխելիության իրավունքից զրկելու մասին որոշում։

Կուսակցության առաջնորդներին, ձերբակալությունից հետո տեղափոխել են դատարան։ Իսկ երբ այստեղ ընթանում էր դատական առաջին լսումը, Դիարբեքիրի ոստիկանատներից մեկի մոտ իրականացվեց ռումբի պայթյուն, ինչի արդյունքում սպանվել է 8 մարդ, նրանցից երկուսը՝ ոստիկան։ Պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց, թե դրա պատասխանատուն Քրդական աշխատավորական կուսակցությունն է։ Հիշեցնենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության աջակիցը լինելու մեջ։

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե ինքը մեծապես մտահոգված է ձերբակալություններով եւ շուտով հանդիպում է կազմակերպելու Անկարայում Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպանների հետ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանք-Վալթեր Շտայնմայերը արտգործանախարարություն է հրավիրել Թուրքիայի դեսպանորդին՝ հայտարարելով, թե Գերմանիան ՝՝չի կարող լուռ մնալ՛՛։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս ձերբակալվել էին Դիարբեքիրի համաքաղաքագլուխները։

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որտեղ ասված է, թե ՝՝այս օրը մութ է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ տարածաշրջանի համար, քանի որ այն նշանակում է ժողովրդավարության վերջը Թուրքիայում՛՛։

XS
SM
MD
LG