Հիլարի Մորիսոնը շատ առօրյա հոգսեր ունի։ Նա պետք է հոգա տան վարձավճարի, սննդի ծախսերը, կատարի ուսանողական վարկի վճարումները։
Նա ասում է,- "Ինձ իրատեսական չէր թվում, որ միայն այս աշխատանքով կարող եմ գոյատևել։ Կարծում էի՝ դրա համար պետք է առնվազն երկու կամ նույնիսկ երեք տեղում աշխատել"։
Ճիշտ է, Հիլարին դեռևս շարունակում է աշխատանքային փնտրտուքը քաղաքում, որտեղ կյանքը բավական թանկ է, սակայն ի տարբերություն ռեստորանային այլ աշխատողների՝ նա վաստակում է պետական նվազագույն աշխատավարձի գրեթե եռապատիկը։
Հիլարիի գործատու Սթիվ Քորմենի խոսքերով՝ թեյավճարով աշխատողների համար պետականորեն սահմանված՝ 3.75 դոլար ժամավճարից ավել վարձատրությունը խթանում է ռեստորանի աշխատանքը։
Նա ասում է,- "Ուրբաթ և շաբաթ օրերին, որպես կանոն, նրանք ստանում են ժամում մոտ 30 դոլար։ Շաբաթական երկու օր այդպես աշխատելով՝ նրանք կարող են վաստակել նվազագույն աշխատավարձի չափով"։
Ահա թե ինչու է այս ընտրաշրջանում Քորմենը սատարում Մեինում քննարկման դրված նոր օրենքը, որի շնորհիվ Հիլարի Մորիսոնի օրինակը իրողություն կդառնա նահանգի նվազագույն աշխատավարձով բոլոր աշխատողների համար։
Ամբողջ երկրում աշխատավարձի բարձրացման պահանջով աշխատավորների երթերի արդյունքում եկամուտների անհավասարության հարցը դարձավ այս տարվա նախագահական ընտրությունների կարևորագույն թեմաներից մեկը։
Նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնն ասում է,- "Եթե համարում եք, որ նվազագույն աշխատավարձը պետք է համապատասխանի ապրուստի նվազագույն շեմին, իսկ լրիվ դրույքով աշխատողների երեխաները չպետք է մեծանան աղքատության մեջ, միացե՛ք մեզ"։
Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփի կարծիքով՝ նահանգային իշխանությունները պետք է իրենք որոշեն, թե ինչն է նպաստավոր իրենց տնտեսության համար։
Նա ասում է,- "Նահանգները պետք է իրոք ինքնավար լինեն"։
Անցյալ տարի Մեինի օրենսդիր մարմինը չի ընդունել նվազագույն աշխատավարձի վերաբերյալ առաջարկը, սակայն նահանգի բաց համակարգը թույլ է տալիս բավարար հանրային աջակցության դեպքում նոյեմբերին օրինագիծը կրկին դնել քվեարկության։