Մատչելի հղումներ

Ամերիկացիները հոգնել են անցած ամիսների նախընտարական պայքարի լարվածությունից ու երկու թեկնածուների փոխմեղադրանքներից։ Սակայն ընտրությունների հետ կապված՝ կա մի բնագավառ, որը մարդկանց շեղում է լարվածությունից։ Դա ընտրություններին առնչվող հուշանվերների բնագավառն է։

Սպիտակ տան մոտակայքում մեծ թիվ են կազմում հուշանվերների խանութները, ուր այս օրերին նկատելիորեն մեծացել է հաճախորդների ու գնորդների թիվը։ Այստեղ նրանք հիմնականում գնում են շապիկներ, սառնարանի մագնիսներ, շարժվող գլուխներով տիկնիկներ։ Գնորդները լավ գիտեն, որ այս առարկաները գնել կարող են միայն մինչեւ ընտրությունները։ Ու դրանից հետո, այս առարկաները նրանց երկար տարիներ կհիշեցնեն այս ընտրությունների մասին։

Ու որքան լարված է նախընտրական պայքարը, այնքան լիքն են հուշանվերների խանութները հուշանվերներով ու գնորդներով։ Խանութներից մեկի սեփականատեր Ջիմ Ուորլիքն արդեն 35 տարի հետեւում է նախագահական բոլոր ընտրություններից առաջ առեւտրի տոկոսային ծավալները։
Նրա խոսքերով, երկու թեկնածուների միջեւ առաջին հեռուստաբանավեճից հետո վաճառված ապրանքների 62 տոկոսը եղել են Քլինթընին, 38 տոկոսը Թրամփին պատկերող հուշանվերները։

՝՝Բոլոր երեք հեռուստաբանավեճերից հետո վաճառվող ապրանքների 57 տոկոսը Քլինթընի հուշանվերներն են, 43 տոկոսը՝ Թրամփինը։ Այսինքն՝ տարբերությունը փոքրանում է՛՛, ասում է նա։

Սակայն 2Օ16 թվականի ընտրությունների թեմայով հուշանվերներից ամենաշատը վաճառվել են ոչ թե թեկնածուներին, այլ՝ առաջին տիկնոջը պատկերող հուշանվերները։

՝՝Նախագահի ու Առաջին տիկնոջ պատկերներով հուշանվերներն ավելի շատ են վաճառվել, քան Քլինթընի ու Թրամփի հուշանվերները միասին վերցված՛՛։

Ի դեպ, Ուորլիքը 198Օ թվականից ի վեր ճշգրտությամբ է կանխատեսել նախագահական բոլոր ընտրությունների ելքը։ Սխալվել է միայն մեկ անգամ՝ 2ՕՕՕ թվականին, երբ մրցում էին Ալ Գորն ու Ջորջ Բուշը։

՝՝Ես, ամեն օր հուշանվերների վաճառքի տոկոսային հարաբերության տարբերությունները ստուգելով, կարող եմ ասել, որ այս անգամ լինելու է Քլինթընը՛՛, ասում է Ուորլիքն ու ավելացնում, որ մարդիկ քվեարկում են նաեւ հուշանվերների խանութներում հուշանվերներ գնելու եղանակով։

Բացի այդ, ասում է նա, հուշանվերների խանութների համար ամենամեծ տոնը ոչ թե ամեն տարի ժամանող Սուրբ Ծնունդն է, այլ չորս տարին մեկ այցի եկող նախագահական ընտրությունները՝ իրենց հետ բերելով մեծ առեւտուր ու շահույթ։

XS
SM
MD
LG