Մատչելի հղումներ

Նախագահական թեկնածուները ներկայացնում են ահաբեկչության դեմ պայքարի իրենց ծրագրերը


Campaign 2016 Why It Matters

Եթե հարց ուղղվի Հիլարի Քլինթոնին կամ Դոնալդ Թրամփին ահաբեկչության դեմ պայքարում իրենց առաջնահերթությունների մասին, հավանաբար, պատասխանները կլինեն նույնը:

«Ես կհաղթեմ ԴԱԵՇ-ին: Մենք պետք է ավելի խոհեմ լինենք», ասում է Հիլարի Քլինթոնը:

ԴԱԵՇ-ի տապալումը ևս Թրամփի նպատակներից է, բայց նա դիտարկում է ահաբեկչական այդ խմբավորումը որպես ավելի մեծ խնդրի մի մաս:

«Դուք կտեսնեք՝ մենք կվերացնենք ծայրահեղ իսլամական ահաբեկչությունն այս երկրում, իսկ Քլինտոնն անգամ չի կոչում իրերն իրենց անունով», ասում է Թրամփը:

Սակայն Քլինթոնը ունի դրա վերաբերյալ իր բնութագրումը՝ արմատական ջիհադիզմ: Նա ծրագրավորում է վերացնել «Իսլամական պետություն» խմբավորումը, համակարգել այդ պայքարը դաշնակիցների հետ՝ ահաբեկչական ցանցերը վերացնելու համար, ինչպես նաև սերտորեն համագործակցել ամերիկյան մահմեդական համայնքի հետ և իրավապահ մարմիններին տրամադրել ավելի լայն լիազորություններ՝ հետախոզություն իրականացնելու համար

Իր հերթին Թրամփը զերծ է մնում նախկինում իր հնչեցրած հակամահմեդական հայտարարություններից: Փոխարենը՝ նա նախընտրում է խոսել սահմանների և ընդհանուր վերահսկողության ուժեղացման մասին՝ ահաբեկիչների մուտքը երկիր արգելափակելու համար:

Մանրամասնությունների մեջ չընկնելով՝ Թրամփը հայտարարում է, որ ցանկանում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի ու չափավոր արաբական երկրների հետ՝ Ասադի վարչակարգը տապալելու փոխարեն:

«Դոնալդ Թրամփը չի ցուցաբերի որևէ հանդուրժողականություն ԴԱԵՇ-ի նկատմամբ: Նա կխոցի նրանց, որտեղ էլ, որ լինեն: Ես կարծում եմ, որ նա ավելի ճկուն կգտնվի, քան գործող վարչակազմն՝ այլ ուժերին ներգրավվելու առումով», ասում է Թրամփի կողմնակից, պաշտոնաթող գեներալ Սիդնեյ Շաչնաուն:

Իսկ Քլինթոնի կողմնակից, պաշտոնաթող դիվանագետ Ջեյմս Ջեֆրին ասում է. «Հուսամ, որ նախագահ Օբամայի աջակցության ներքո դեպի Մոսուլ ընթացող հարձակումը վերջնականորեն կհաղթի ԴԱԵՇ-ին նախքան Քլինթոնի նախագահ դառնալը: Սակայն կասկած չունեմ, որ նա ևս կտապալի ԴԱԵՇ-ի վերջին կենտրոն Ռաքքան»:

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Մոսուլի գործողության արդյունքում ԴԱԵՇ-ը կհեռանա Մոսուլից նախատեսվածից ավելի շուտ: Ինչ արդյունք էլ որ լինի, փորձագետների մեծ մասը կանխատեսում է, որ այն կունենա շոշափելի ազդեցություն ԱՄՆ-ի և ապագա գերագույն հրամանատարի հետագա ռազմավարության վրա:

XS
SM
MD
LG