Չորեքշաբթի օրը Դիարբեքիրի ոստիկանությունը կիրառեց ջրցան տեխնիկա ընդդեմ բողոքավորների։: Դեպքը տեղի ունեցավ Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքիի եւ ավագանու անդամ, համաքաղաքապետ Ֆըրաթ Անլըիի ձերբակալումից ժամեր անց: Պաշտոնյաների ձերբակալությունը կապված էր արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ վերջիններիս ունեցած հնարավոր կապի հետ:
Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդավարական ռեգիոններ կուսակցությունները կոչ արեցին իրենց աջակիցներին բողոքի ցույցով դուրս գալ փողոցներ:
Ըստ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի քրդական ծառայության՝ առնվազն 26 բողոքավորներ ձերբակալվել են Դիարբեքիրում:
Թուրքիայի դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ երկու պաշտոնյաները մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցության օգտին ելույթներ ունենալու մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող ընտրված պաշտոնյաները կհեռացվեն պաշտոնից զինյալների դեմ պայքարի քաղաքականության շրջանակում: Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Վաշինգտոնում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեթ Յուքսելն, իր հերթին, ասել է, որ քաղաքապետերի ձերբակալությունը ավելի կխորացնի հակամարտությունը տարածաշրջանում: