Մատչելի հղումներ

Քլինթընի եւ Թրամփի վերջին ճիգերը՝ մինչեւ ընտրությունները


Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է միայն երկու շաբաթ, նախագահական թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթընը ներկայացնում են ու ընդգծում ընտրվելու դեպքում իրենց գործունեության ամենակարեւոր ուղղությունները։

ԱՄՆ-ի նախագահական ընթացիկ ընտրարշավն աննախադեպ է թեկնածուների կողմից միմյանց վատաբանելու փորձառությամբ, երբ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատ իր մրցակցին անվանում է նախագահության ամենակաշառարված թեկնածուն ԱՄՆ-ի պատմության մեջ, իսկ Քլինթընը՝ նրան համարում երկրի գլխավոր հրամանատարի պաշտոնի համար անհարմար ու որակավորում չունեցող անձնավորություն։ Այս մթնոլորտում են նրանք ներկայացնում նախագահ դառնալու դեպքում իրենց քաղաքականության գլխավոր ուղղվածությունները՝ վերջին ճիգերը թափելով դեռեւս չկողմնորոշված ընտրողների համակրանքը շահելու համար։

Դոնալդ Թրամփը խոստանում է, ՝՝չորացնել Վաշինգտոնում առկա ճահիճը՛՛։
Թրամփը խոստանում է նոր բանակցություններ սկսել առեւտրի, իր խոսքերով ասած, սարսափելի գործարքների շուրջ։

՝՝Խոստանում եմ նաեւ վերջ դնել անօրինական փախստականությանը, դադարեցնել փախստականների զանգվածային ներհոսքը, կրճատել հանցագործությունների մակարդակը, մեծապես կրճատել հարկերը, եւ ավելի կրճատել պետության կողմից վերահսկումը՛՛, ասում է նա։
Հիլարի Քլինթընը խոստանում է լինել տնտեսության գործուն կառավարիչ, ում խոսքերով, ՝՝Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր աշխատատեղերի բնագավառում ամենամեծ ներդրումներն ենք կատարելու։ Պայքարելու ենք կլիմայական փոփոխության դեմ՝ մաքուր, վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում նոր աշխատատեղեր ստեղծելով՛՛։

Այս ընթացքում եւս թեկնածուները չեն հրաժարվում իրար դեմ հարձակումներ կատարելու փորձառությունից։ Դա նրանք արտահայտում են իրենց գովազդների միջոցով։ Օրինակ, Թրամփի գովազդներից մեկը դատապարտում է սահմանների մասին Քլինթընի քաղաքականությունը, ՝՝ինչի արդյունքում են Ամերիկա մուտք գործում այնպիսի մարդիկ, որոնցից մեկն է սպանել իմ որդուն՛՛, ասում է գովազդում խոսող կինը։

՝՝Իմ տղան կապիտան Հումայուն Խանն էր։ Նա 27-ամյա մահմեդական ամերիկացի էր՛՛, Քլինթընի գովազդում ասում է զոհված կապիտանի հայրը, ու հարց տալիս Թրամփին, թե արդյոք իր որդին տեղ չէր ունենալու Ամերիկայում։


Սակայն պետք է ասել նաեւ, որ մինչեւ ընտրություններն ընկած այս կարճ ժամանակահատվածում թեկնածուները գտնում են երկրի ներքին խնդիրների մասին խոսելու ժամանակ՝ հույս ունենալով ձայներ հավաքել ոչ միայն մեկը մյուսին դատապարտելով, այլ նաեւ տարբեր հարցերի շուրջ իրենց քաղաքականության առավելությունները բացատրելով։

XS
SM
MD
LG