Մատչելի հղումներ

Մոսուլում գործողությունները շարունակվում են. ՝՝Դաեշ՛՛-ը դիմում է ծայրահեղ քայլերի


Իրաքի Մոսուլ քաղաքը ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումից ազատագրելու գործում քրդական զինված ուժերի գործողությունները լավատեսության մեծ հիմքեր են տալիս։ Ծայրահեղականների կողմից գրավված գյուղերը հերթով ազատագրվում են։ Սակայն խնդիրներն այստեղ շատ են։

Իրաքի կազմի մեջ մտնող Քրդստանի կիսաինքնավար հատվածի ուժերը՝ Փեշմերգան այսօր իրեն հպարտ է զգում։ Այս հատվածներն ավելի քան երկու տարի սարսափի տակ պահած ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման զինված խմբերը նահանջում են, Փեշմերգան՝ շարժվում առաջ։

Ինչպես Փեշմերգայի զինվորականներն են ասում.՝՝Մենք վախ չունենք, քանի որ արդեն լավ գիտենք ՝՝Իսլամական պետության՛՛ մարտավարությունը։ Մենք գիտենք ինչպես պիտի գրավենք գյուղերը, ինչպես պիտի վերացնենք ականները, եւ ինչ պիտի անենք չկիրառված ռումբերը՛։


՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը Մոսուլից 3Օ կմ հեռավորության վրա գտնվող մի հատվածից պատմում է, որ Մոսուլն ազատագրելու գործողություններն այս պահին մի քիչ կարող են տուժել, քանի որ ուրբաթ օրը Քըրքուք քաղաքում ծայրահեղականների կողմից իրականացված հարձակումներից հետո քրդական ջոկատներից որոշ ուժեր տեղափոխվում են դեպի այդ քաղաքը։

Զինվորականների խոսքերով, ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարում ամենադժվար հանգամանքը ծայրահեղականների կողմից փորված թունելներն են։ Ժամանակին դրանք լցված են եղել սննդամթերքով ու զենքով։ Այսօր դրանք լի են ռումբերով։ Նույնիսկ գյուղերի ազատագրումից հետո մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց տները, քանի որ բացի թունելներից, նաեւ նրանց տներն են վերածվել պայթուցիկներով լցված թակարդների։
Նույնը կարելի է սպասել Մոսուլի ազատագրումից հետո։
Փախստականների ճամբարում գտնվող անձինք հավատացած են, որ Մոսուլի ազատագրումից հետո բնակիչները ոչ թե կմնան քաղաքը վերականգնելու համար, այլ կդիմեն այստեղից փախուստի՝ իրենց կյանքը փրկելու նպատակով։

Տեղահանվածներից Ալիի խոսքերով. ՝՝Ամենավտանգավոր պահը հիմա է, երբ Իրաքի բանակը դիմում է հարձակումների՛՛։
Իսկ այսօր, երբ տեղահանված բնակչության համար կառուցված ճամբարներում այլեւս տեղ չկա, օգնություն տրամադրող կազմակերպությունները կառուցում են նոր կացարաններ։ Սակայն դրանք իհարկե չեն բավականացնի այն մեկ միլիոն մարդկանց, որոնք շուտով այստեղ կժամանեն քաղաքների ու գյուղերի ազատագրումից հետո։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցը հիշեցնում է քուրդ զինվորականների այն խոսքերը, որ ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարում ամենամեծ խնդիրը ծայրահեղականների մեջ առկա, իրենց վրա պայթուցիկներ կրող մեծաթիվ մահապարտներն են, որոնք մեծապես խոչընդոտում են առաջխաղացումը։ Գրեթե անհնար է դառնում ծայրահեղականների գերեւարումը։

XS
SM
MD
LG