Մատչելի հղումներ

Արեւմուտքը կարող է փակել դռները կոռուպցիոներ եւ ավազակապետ ղեկավարների առջեւ


Բարձր տեխնոլոգիաների դարաշրջանը բազմաթիվ նոր հնարավորություններ, սակայն եւ նոր խնդիրներ է ստեղծել մեր օրերի ավազակապետ եւ կոռումպացված ղեկավարների համար, Վաշինգտոնում անցած համաժողովի ընթացքում նշել է բրիտանացի հետաքննող լրագրող Բեն Ջուդան.

«Այսօրվա խոշոր հանցագործների հիմնական խնդիրը ոչ թե հանցագործություն կատարելն է, լինի դա թմրանյութերի վաճառք, թե պետական եկամուտների գրպանում, այլ այն, թե ինչպես օրինականացնել ապօրինի այդ գումարները»:

Լրագրողի խոսքով, մեղքի իր բաժինն ունի նաեւ Արեւմուտքը, որի ֆինանսական հաստատություններն ընդունում են հանցավոր պաշտոնյաների դրամը օֆշորային հաշիվներում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարության նախկին պաշտոնյա, իսկ այժմ վերլուծաբան Դեյվիդ Քրեյմերը հիշեցնում է, որ յուրաքանչյուր տարի Արեւմուտք Ռուսաստանից խոշոր գումարներ են արտահանվում, որոնց զգալի մասն ապօրինի ճանապարհով ստացված գումարներ են.

«Ռուսաստանը լավագույնս արտահանում է ավազակապետության, կոռուպցիայի պայմաններում կուտակված գումարները Ռուսաստանից, սակայն, որպեսզի նրանք արտահանեն, մենք պետք է համաձայնենք ներմուծել դրանք»:

Նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանից բացի կա եւս մեկ երկիր, որտեղ տիրող կոռուպցիան եւ ավազակապետական համակարգը հսկայական չափերի է հասել, նշել է վերլուծաբանը.

«Ադրբեջանում օրինակ բարգավաճում է ավազակապետությունը: Ալիեւի վարչակարգը հրաշալի օրինակ է, երբ ավազակապետական վարչակարգը մարդու իրավունքների լուրջ խախտումներ է իրականացնում: Ադրբեջանի անկախացումից ի վեր, այդ երկրի ներսում իրավիճակն այսօր վատագույնն է»:

Օհայոյի Մայամիի համալսարանի վերլուծաբան Քերեն Դավիշան ընդգծել է, որ ավազակապետությունը միշտ փորձում է իր հանցանքները թաքցնել ծայրահեղական գաղափարի քողի տակ.

«Ֆաշիզմը կամ ազգայնականությունը, որոնք հաճախ գոյանում են ավազակապետական վարչակարգերի պայմաններում, ինչը մենք տեսնում ենք Ռուսաստանում, արտաքին տեսքն են միայն, սակայն, նման վարչակարգերի սրտում ավազակապետություն է»:

Վերլուծաբանի խոսքով, ավազակապետության շահառուները ցանկանում են սեփական երկրում ապօրինի ցանկացած միջոցներով պահպանել ավազակապետությունը, միեւնույն ժամանակ ակնկալելով, որ նրանց՝ ապօրինի կուտակված գումարներն այլ երկրներում պաշտպանված լինեն օրենքով.

«Ինչպե՞ս են Պուտինի մերձավորներն ու մտերիմները հաշիվներ բացում, ասենք, բալթյան երկրներում: Նրանք օֆշորային ընկերություններ են բացում Արեւմուտքում, այդ օֆշորային ընկերությունները վարկեր են տալիս Մոլդովայի ընկերություններին: Մոլդովայի դատավորները վավերացնում են արեւմտյան օֆշորային ընկերություններից ստացված այդ վարկերը, այնուհետեւ գումարը փոխանցվում է լատվիական բանկեր եւ ահա, այդ գումարն արդեն օրինական է եւ Լատվիայում է»:

Այս կապակցությամբ, Դեյվիդ Քրեյմերը կոչ է արել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության իշխանություններին լինել անզիջող ավազակապետության եւ կոռուպցիայի դեմ պայքարում եւ պատժամիջոցներ ընդունել կոռուպցիայի եւ ավազակապետական կառույցների մեջ ներքաշված պաշտոնյաների դեմ.

«Նրանք սիրում են իրենց ընտանիքներին Արեւմուտք ուղարկել, նրանք սիրում են իրենց փողերն արեւմուտք ուղարկել, քանի որ նրանք մեզ ավելի են վստահում իրենց հարազատ մարդկանց եւ միջոցների պաշտպանության հարցում, եւ եթե մենք սկսենք արգելքներ դնել նրանց առջեւ այս ուղղությամբ, կարծում եմ, մենք լուրջ արդյունքների կհասնենք»:

XS
SM
MD
LG