Մատչելի հղումներ

Մոսուլում իրաքյան և քրդական զորքերը նոր տարածքներ են գրավում «Իսլամական պետություն»  խմբավորումից


Mosul Operation - Peshmarge Forces

Իրաքի եւ քրդական Փեշմերգայի զինված ուժերը շարունակում են հաջողությամբ առաջ շարժվել Մոսուլի համար ընթացող մարտերում, որն «Իսլամական պետություն» խմբավորման ամենամեծ կենտրոնն է: ԱՄՆ-ը հորդորել է իրաքյան ու քրդական ռազմական ուժերի ղեկավարներին դանդաղեցնել առաջխաղացումը և ամրացնել դիրքերը՝ «Իսլամական պետություն» խմբավորման հակահարձակումը բացառելու համար:

«Ես հորդորում եմ իրաքցիներին չշտապել: Ստեղծված բարենպաստ այս պայմաններում ցանկալի է ամրացնել հաջողությունը, շարունակել ճնշումը թշնամու վրա», ասում է ամերիկացի գեներալ, Իրաքում կոալիցիոն ցամաքային ուժերի հրամանատար Հարի Վոլեսկին:

Սակայն սա հեշտ տրվող հաջողություն չէ: «Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է տեսանյութ քաղաքի շուրջ խմբավորման կազմակերպած կատաղի դիմադրության մասին: Այն քաղաքի շուրջ կազմակերպել է մի քանի պաշտպանողական գծեր ներառյալ ստորգետնյա թունելներ, որոնք հնարավորություն են տալիս խմբավորման զինյալներին տեղաշարժվել աննկատ և մնալ անտեսանելի կոալիցիոն ուժերի օդուժի համար:

Ռազմական ղեկավարությունը ակնկալում է, որ Իսլամական պետության ուժերը կատաղի դիմադրություն կցուցաբերեն Մոսուլը պաշտպանելու համար: Սակայն, եթե նրանք կորցնեն քաղաքն, ապա կորդեգրեն պարտիզանական կռվի մարտավարություն:

Իրաքյան փորձագետ Ալ Խոյենն ասում է. «Իսլամական պետություն խմբավորումը իր կորցրած տարածքները փորձելու է փոխհատուցել ահաբեկչական պայքարի միջոցով Իրաքում, Սիրիայում և իհարկե Արևմուտքում»:

Նա կարծում է, որ «Իսլամական պետություն» կարող է կորցնել իր հույսը Մոսուլում խալիֆայություն ստեղծելու վերաբերյալ, սակայն այն շարունակելու է խնդիր մնալ միջազգային հանրության համար:

Հազարավոր մարդիկ լքում են ռազմական գործողությունների տարածքը Մոսուլի շուրջ: Փորձագետները կոչ են անում կոալիցիոն և իրաքյան ուժերին չմոռանալ վերջին իրաքյան պատերազմի դասերը, որոնց արդյունքում Իրաքում առկա է քաղաքական անկայուն իրավիճակ:

Երկիրը շարունակում է մնալ պառակտված, իսկ քաղաքական անհամաձայնությունները շարունակում են խոչընդոտել Իրաքի կառավարության աշխատանքը:

XS
SM
MD
LG