Մատչելի հղումներ

Իրաքի Մոսուլը ՝՝Դաեշ՛՛ից ազատագրելուց հետո պետք է մտածել այստեղ իրական խաղաղութան մասին


Իրաքում երկրորդ խոշորագույն քաղաքը՝ Մոսուլը ՝՝Դաեշ՛՛-ից ազատագրելու ճակատամարտին է մասնակցում կառավարական ուժերի 3Օ հազար զինվորական ու քրդական Փեշմերգայի 4 հազար մարտիկ։ Ռազմական գործողություններն իրականացնելու համար ԱՄՆ-ը տրամադրում է ռազմական մարզումներ, խորհրդատվություն եւ ռազմաօդային աջակցություն։

՝՝Դաեշ՛՛-ից այն ազատագրելու համար կպահանջվի մոտ երկու ամիս։ Ռազմական գործողություններում առաջին անգամն է, որ քրդական Փեշմերգան ու Իրաքի բանակը գործում են միասնաբար։ Ինչպես Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին է ասում.

՝՝Հուսով ենք, որ այս փաստը կարող է դառնալ Իրաքի կառավարության ու քրդական հատվածի միջեւ ապագա լավ հարաբերությունների սկիզբ՛՛։

Իրաքի կառավարության ու բանակի կազմում շիա մահմեդականները կազմում են մեծամասնություն։ Ինչպես երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադին է ասել, իրենք չեն հանդուրժելու ազգային կամ կրոնական որեւէ տարբերություն։ Սակայն, ըստ որոշ հաղորդագրությունների, քրդերից ոմանք ասում են, թե Փեշմերգայի ուժերով ազատագրված տարածքները պետք է դառնան Քրդստանի տարածք։ Իսկ Թուրքիան, որը մարզում է տեղի սուննի մահմեդականներին, ցանկանում է, որ Մոսուլն անցնի սուննիների վերահսկողության ներքո։ Այդ պատճառով, ասում է վերլուծաբան Թրեվոր Թրալը, Մոսուլում այս մարտերից հետո խաղաղություն հաստատելու համար մղվելու է ամենամեծ քաղաքական ճակատամարտը։

՝՝Եթե ԱՄՆ-ը այս հարցով չներկայացնի որեւէ ծրագիր, Իրաքի կառավարությունը դժվար թե կարողանա այդպիսի ծրագիր կազմել։ Արդեն 12-13 տարի է անցել, սակայն հստակ պատասխան այս հարցի համար չունենք՛՛։

Այժմ պարզ չէ, թե ինչպես են քաղաքացիական անձինք դուրս գալու Մոսուլում ընթացող փոխհրաձգության էպիկենտրոնից, երբ ջիհադիստները քաղաքի բնակիչներին կարող են օգտագործել որպես կենդանի վահան, եւ այդ եղանակով դուրս պրծնել քաղաքից։

Ինչպես ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոներն է ասել.՝՝Քաղաքից դուրս եկող բոլոր անձինք ենթարկվելու են մանրազնին քննության, ինչն իրականացվելու է Իրաքի ու քրդական ուժերի, ինչպես նաեւ տեղի պետական հաստատությունների միջոցով։ Գրանցվելու են բոլոր անձինք, որոնք անվտանգության զննումներ անցնելուց հետո տեղափոխվելու են տարբեր բնակավայրեր՛՛։


՝՝Դաեշ՛՛-ը Մոսուլ քաղաքը գրավել է 2Օ14 թվականի հունիս ամսին։ Ու եթե ծայրահեղականները կորցնեն այն, ինչը շատ հավանական է, զինյալների մնացյալ հատվածը կփորձի սողոսկել Սիրիայի տարածք։ Իսկ Եվրոպան կկանգնի շատ մեծ վտանգի առջեւ, եթե նույնիսկ շատ փոքր թվով զինյալների հաջողվի հասնել այստեղ։

Ինչեւէ, Մոսուլը շուտով կազատագրվի, սակայն ծայրահեղական այս խմբավորման վերահսկողության տակ կշարունակի մնալ Իրաքի հյուսիսն ու արեւելքը։

Դրանց ազատագրման ժամկետը կորոշեն Մոսուլի դեպքերը։



XS
SM
MD
LG