Մատչելի հղումներ

Քլինթընն ու Թրամփը նախապատրաստվում են վերջին հեռուստաբանավեճին


Քլինթընի եւ Թրամփի միջեւ չորեքշաբթի օրն անցկացվելիք երրորդ հեռուստաբանավեճը վերջին հնարավորությունը պիտի տա հանրապետական թեկնածուին վերականգնելու կորսված միավորները։ Թրամփը Քլինթընից ներկայումս հետ է մնում նկատելիորեն, երբ նախագահական ընտրություններին մնացել է երեք շաբաթից էլ քիչ ժամանակ։

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ըստ հարցումների, դեմոկրատ իր մրցակից Հիլարի Քլինթընին ներկայումս զիջում է վեց տոկոսով, ու շարունակում է բողոքել Քլինթընի նկատմամբ մամուլի կողմից ցուցաբերվող կողմնակալության դեմ։

Իր աջակիցներին Թրամփն ասում է, որ չնայած, իր խոսքերով, կեղծ համակարգին, իրենք դա հաղթահարելու են։ Թրամփը նաեւ դատապարտում է այն կանանց, ովքեր մեղադրում են իրեն՝ անցյալում սեռական անհարգի գործողություններ իրականացնելու մեջ.
՝՝Այս ամենը սուտ է՝ հորինված մամուլի ու Քլինթընի նախընտրական արշավի կողմից՝ որոնք փորձում են կառչած մնալ իշխանության լծակներին։ Այս ամենը սուտ է, ամբողջությամբ հորինված՛՛։


Իսկ Քլինթընը, չնայած էլեկտրոնային նամակների հետ կապված խնդրին, փորձում է իր արշավը կենտրոնացնել երկրի խնդիրների վրա.
՝՝Առաջին ամենակարեւոր խնդիրը տնտեսությունը ոտքի հանելու խնդիրն է, այնպես, որ այն նպաստի բոլորին, այլ ոչ միայն նրանց, ովքեր տնտեսության վերին օղակներում են՛՛։

Քլինթընին այս արշավում ամենամեծ աջակցությունը ցուցաբերում եմ երկրի նախագահ Բարաք Օբաման ու Առաջին տիկինը, որոնք շարունակ ակնարկում են կանանց մասին Թրամփի գռեհիկ արտահայտություններով վերջերս հրապարակված տեսագրությունը։ Այս տեսագրությունն ու մի քանի կանանց կողմից ներկայացված մեղադրանքներն, ի դեպ, ինչպես վերլուծաբաններից Թոմ ԴեՖրանքն է ասում, Թրամփից նորից մի քանի միավոր են խլել.

՝՝Նման վերաբերմունքը չի կարող Թրամփի նկատմամբ ապահովել բարձրագույն կրթություն ունեցող սպիտակամորթ ամերիկուհիների համակրանքը։ Իսկ այս պահին Թրամփը նրանց աջակցության կարիքը շատ ունի՛՛։


Քլինթընն ու Թրամփն իրենց վերջին բանավեճի նկատմամբ տարբեր մոտեցումներ ունեն, ասում է Հանրապետական կուսակցության խորհրդատու Ջոն Ֆիըրհերին.

՝՝Կարծում եմ, Քլինթընը, ներկա ձայների առավելությունը հաշվի առնելով, ավելի հավասարակշռված դիրքերից հանդես կգա։ Թրամփը, կարծում եմ, բեկում մտցնելու ջանքերի արդյունքում կընտրի ավելի հարձակողական դիրքեր՛՛։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման ծրագրում Քլինթընի դերին, ազգային անվտանգության հարցերով Քլինթընի նախընտրական շտաբի խորհրդատու Լորա Ռոզենբերգն ասում է, թե.

՝՝Աշխարհի յուրաքանչյուր հատվածում, որտեղ կա հաշտեցման կարիք, մենք պատրաստ ենք աջակցել։ Խոսքն այժմ այն հատվածի մասին է, որտեղ մարտահրավերներ են գալիս տարբեր ուղղություններից։ Կարեւոր է, որ մենք շարունակենք հաշտեցման գործընթացները, որտեղ էլ, որ դրանք լինեն՛՛։

Մինչեւ ընտրություններն ընկած վերջին շաբաթների ընթացքում երկու թեկնածուները հիմնականում կենտրոնանալու են այն նահանգների վրա, որոնք դեռեւս վերջնականապես չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու՝ Քլինթընին, թե՞ Թրամփին։

XS
SM
MD
LG