Մատչելի հղումներ

 
Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում մարտահրավերներն ու դրա դեմ պայքարի միջոցները՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հայաստանյան այցի ուշադրության կենտրոնում

Մարդկանց թրաֆիքինգի ոլորտում մարտահրավերներն ու դրա դեմ պայքարի միջոցները՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հայաստանյան այցի ուշադրության կենտրոնում


OSCE
OSCE

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ջարբուսինովան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համակարգմամբ և աջակցությամբ չորսօրյա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան՝ քննարկելու թրաֆիքինգի դեմ պայքարում ԵԱՀԿ-ի առջև պետության ստանձնած պարտավորությունների կատարումը:

Այցի ընթացքում նա հանդիպել է թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի, իրավապահ մարմինների պաշտոնյաների, դատախազների, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա նաև Հայաստանում դիվանագիտական շրջանակներին է ներկայացրել մարդկանց թրաֆիքինգի խնդրում արդի միտումներն ու իր գրասենյակի առաջնահերթությունները:

«Հայաստանից արտագաղթի շուրջ 60 տոկոսը պայմանավորված է տնտեսական խնդիրներով: Մեծապես կարևոր է մինչ մեկնումը անդրադառնալ դրդապատճառներին, բարձրացնել իրազեկվածությունն ու կողմնորոշումը, հատկապես գյուղական շրջաններում՝ մարդկանց խոցելիությունն ավելի լավ աշխատանքային հնարավորությունների որոնման հարցում նվազեցնելու համար», նշել է Ջարբուսինովան: «Մյուս կողմից՝ իշխանությունները, կատարելագործելով աշխատանքային տեսուչների և պետական այլ կառույցների կարողություններն ու միջոցները, պետք է գործադրեն առավելագույն ջանքեր՝ միջոցներ ձեռնարկելու և բացահայտելու երկրի ներսում շահագործման ցանկացած հնարավոր դեպք՝ ռիսկային խմբերին, մասնավորապես՝ երեխաներին պաշտպանելու համար»:

Հատուկ ներկայացուցիչը նաև հանդիպումներ է ունեցելհամապատասխան նախարարություններում, ինչպես նաև Միգրացիայի պետական ծառայությունում և այցելել Երևանում փախստականների ընդունման կենտրոն՝ այլ հարցերի շարքում քննարկելու նաև Սիրիայից տեղահանված շուրջ քսան հազար անձանց խնդիրները: «Հայաստանը Սիրիայից ժամանած մեծաթիվ միգրանտների, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեն, տրամադրել է պաշտպանության և աջակցության տարբեր միջոցներ»,- ասալ է Ջարբուսինովան: «Հաշվի առնելով տեղահանվածների մեծ հոսքը՝ կարևոր է, որ իշխանությունները վերահսկեն և գնահատեն ռիսկերը՝ կանխելու հնարավոր խոցելի խմբի շահագործումը»: Հաստատությունները կարող են նաև փախստականների և ապաստան հայցողների համար կազմակերպել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման դասընթացներ:

Հատուկ ներկայացուցիչը՝ հաճախ ԵԱՀԿ տեղական գրասենյակների համակարգմամբ, իրականացնում է բարձր մակարդակի նպատակային այցեր՝ ուժեղացնելու ԵԱՀԿ անդամ-պետությունների կարողությունները՝ համապարփակ և արդյունավետ կերպով անդրադառնալու մարդկանց թրաֆիքինգի խնդիրներին, փոխանցելու գիտելիք և փոխանակելու լավագույն փորձն այս լուրջ հանցանքի դեմ պայքարում:

XS
SM
MD
LG