Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները կբարելավի աշխարհը համայնքների օգնությամբ


«Համայնքները կարեւորագույն դեր ունեն իրենց երկրների կյանքի բարելավման գործում, քանի որ տիրապետում են երկրի եզակի իմացությամբ», - «Ամերիկայի Ձայն»-ին ասում է գործակալության ներկայացուցիչ Մոնա Յակուբյանը:

Խոսելով Վաշինգտոնում անցած «Համայնքները՝ զարգացման մեջ» համաժողովի ընթացքում, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մոնա Յակուբյանը նշել է, որ գործակալությունը նախատեսում է Միացյալ Նահանգներում ազգային համայնքների հետ մի շարք ծրագրեր մշակել, որոնք թույլ կտան արտերկրում արդյունավետ նվազեցնել աղքատությունը եւ բարելավել կյանքի որակը:

«Մասնավորապես, օրինակ, ստեղծվելու է ինտերնետային էջ, որի միջոցով ԱՄՆ-ում Լիբանանի համայնքի ներկայացուցիչները կարող են ուղղակի ներդրում ունենալ Լիբանանում իրենց իսկ ցանկացած տարածքի զարգացման մեջ, ընդհուպ մինչեւ գյուղեր», - նշում է Մոնա Յակուբյանը:

Անդրադառնալով Լիբանանին, նա ավելացել է, որ տեղի հայ համայնքը կարեւոր եւ դրական դեր է կատարում երկրի համար:

«Լիբանանի հայ համայնքը արտակարգ կարեւոր դեր է խաղում երկրում, լինելով բնակչության այն վճռական մասը, որն օգնում է Լիբանանն ամուր ու կայուն պահել չնայած տարածաշրջանում բարդ իրավիճակի», - նշում է Մոնա Յակուբյանը:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ից այլ երկրներ անհատական փոխանցումների միջոցով յուրաքանչյուր տարի փոխանցվում է 130 միլիարդ դոլար, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է վերլուծաբան Մանուել Օրոզքոն: Նա ընդգծել է աշխատող միգրանտների նկատմամբ վերաբերմունքի դեմոկրատական եւ ոչ դեմոկրատական երկրների կարեւոր տարբերությունը.

«ԱՄՆ-ում մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք, քան այլ հասարակություններում»:

Այսպես, ոչ դեմոկրատական երկրներում որոշակի ազգության միգրանտների առկայությունը դիտարկվում է որպես այդ ազգային պետության վրա ճնշման միջոց, մինչդեռ Միացյալ Նահանգներում միգրանտները դիտարկվում են որպես երկրի զարգացմանն օժանդակող ուժ:

Համաժողովի ընթացքում հավաքվածների հետ կիսվեց փորձով նաեւ ԱՄՆ-ի ամենակազմակերպված համայնքներից մեկի՝ հայ համայնքի ներկայացուցիչ, Վաշինգտոնի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով կազմակերպությունն իր հիմնական միջոցները ստանում է միջին եկամուտ ունեցող քաղաքացիների նվիրատվություններից: Այլ համայնքների ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրում էր, թե որն է պատճառը, որ ԱՄՆ-ի հայերը նվիրատվություններ են կատարում: Արամ Համբարյանը բացատրեց.

«Պատճառը, որ մարդիկ նվիրատվություն են կատարում, զգացմունքներից բացի, սառը դատողություններից բացի, այն է, որ մարդիկ հավատում են, որ դրանով հնարավոր է դրական փոփոխությունների հասնել»:

XS
SM
MD
LG