Մատչելի հղումներ

Մեթյու փոթորիկի ավերիչ հետևանքները Հայիթիում


APTOPIX Haiti Hurricane Matthew
APTOPIX Haiti Hurricane Matthew

Մեթյու փոթորիկի հետևանքով ջրհեղեղը շարունակում է սպառնալ ԱՄՆ արևելյան նահանգներին: Միևնույն ժամանակ զոհերի թիվը Կարիբյան երկրներում շարունակում է աճել:

Ամենաշատը տուժած Հայիթիում հայտարարված էր եռօրյա սգի օրեր: Զոհերի թիվն այստեղ տատանվում է 400 մինչև 1000: Երկրի շատ մասեր շարունակում են մնալ անհասանելի:

ԱՄՆ-ում զոհերի թիվը երկուշաբթի հասել է 23: Հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրականությունից: Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, քանի որ գետերը դուրս են եկել իրենց ափերից:

Հյուսիսային Քարոլինայի նահանգապետ Փեթ Մաքքրորին ասել է, որ այստեղ փրկարար ուղղաթիռներն ու նավերը Լյումբերտոն քաղաքի մոտ տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մարդկանց տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր:

«Մեզ տեղեկացրել են , որ Լյումբերտոնում շուրջ 1500 բնակիչներ այս պահին օգնության կարիք ունեն: Այնտեղի ջուրը հասնում է մինչև ծնկեր, սակայն որոշ վայրերում մարդիկ ստիպված են եղել բարձրանալ տան կտուրները»:

Ինչպես հաղորդում է Եղանակի ազգային ծառայությունը ջրհեղեղները շարունակվում են Հարավային և Հյուսիսային Քարոլինա նահանգներում, ինչպես նաև Վիրջինիայում:

Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության տնօրեն Քրեգ Ֆուգեյտի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Լիզա Մոնակոյի հետ խորհրդակցելուց հետո նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հայտարարեց արտակարգ իրավիճակ Հյուսիսային Քարոլինա նահանգում: Դրա արդյունքում դաշնային ֆինանսական միջոցները հասանելի կդառնան նահանգի 10 շրջանների բնակիչներին, ովքեր տուժել են փոթորիկից:

Մեթյու փոթորիկը ԱՄՆ ափերը հասած վերջին տասնամյակում ամենաուժգին և երկարատև փոթորիկներից է, որի հասցրած վնասը հասնում է միլիարդավոր դոլարների:

Սակայն ավերածությունները Հայիթիում ուրիշ աստիճանի են, ուր հազարավոր տներ անցել են ջրի տակ, ոչնչացվել են ենթակառուցվածքներն ու բերքը: ՄԱԿ-ի պաշտոնյաները Հայիթիում տիրող իրավիճակը համեմատել են ատոմային ռումբի պայթյունի հետևանքների հետ:

World Vision մարդասիրական կազմակերպության տնօրեն Փոլ Հեյսը ասել է, որ Հայիթիի հարավարևմուտքում ոչինչ չի մնացել:

«Արևմուտքում ընկած կղզին մեծ հարվածի տակ է ընկել: Տների 50 տոկոսը ոչնչացվել են: Հյուսիսարևմուտքում ևս մեծ ավերածություններ կան: Այն մեծ ուշադրության կենտրոնում չէ, բայց մենք մեր գործընկերներից տեղեկություն ենք ստանում, որ այնտեղ վիճակը ծանր է»:

Հեյսի խոսքերով անմիջական խնդիրներից է փրկել մարդկանց կյանքն ու վերացնել խոլերայի դեպքերը: Հաջորդ կարևոր երկարաժամկետ հարցերից են լինելու բերքի և տների վերականգման հարցերը:

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ը որոշել է 119 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայիթիին՝ հայտարարելով, որ Մեթյու փոթորիկը մարդասիրական ամենամեծ ճգնաժամն է առաջացրել Հայիթիիում 2010 թվականի երկրաշարժից ի վեր, երբ երկրում գրանցվել էր խոլերա հիվանդության աճ, թերսնում և սննդամթերքի պակաս:

Հայիթիից ստացված տվյալներով փոթորիկից տուժել է մեկ ու կես միլիոն մարդ, 350 հազարը կարիք ունի անհապաղ օգնության, քանի որ մեծ մասը վերջիններիս անօթևան է դարձել:

ԱՄՆ բանակը ծովային և օդային ճանապարհներով սնունդ, դեղորայք ու տարբեր տեսակի ծանր տեխնիկա է հասցրել Հայիթի:

Ըստ UNICEF՝ Հայիթիում ստեղծվել են բոլոր պայմանները ջրից առաջացող հիվանդությունների զարգացման համար:

«Ամեն օր աճում է խոլերայի վտանգի հավանականությունը», ասում է Հայիթիում UNICEF ներկայացուցիչ Մարկ Ուինսենտը:

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ աղքատ այս երկիրը դեռ վերականգնվում է 2010 թ. երկրաշարժից: Փոթորիկը ավերել է հազարավոր ժամանակավոր տնակներ, ուր բնակվում էին երկրաշարժից տուժած հայիթցիներ: Այն նաև ավերել է Հայիթիի հարավի մեծ մասը մնացած երկրի հետ կապող միակ կամուրջը:

Երկրի իշխանությունները տեղեկացնում են, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի, քանի որ այժմ փրկարարները փորձում են հասնել հեռավոր գյուղեր:

Այնտեղից ստացած տեսանյութերում պատկերված են բազմաթիվ տներ քամու ու անձրևի պատճառով ավերված տանիքներով, կոտրված և ընկած ծառեր և գետերից բերված տիղմով լի դաշտեր:

Միջազգային կարմիր խաչը խնդրում է անհապաղ օգնություն ցուցաբերել Հայիթիին, որը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է և կարիք ունի 6.9 միլիարդ դոլարի մարդասիրական օգնության:

XS
SM
MD
LG