Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի շախմատիստը հրաժարվում է Շախմատի աշխարհի կանանց առաջնության ժամանակ հիջաբ կրել


Լինելով ԱՄՆ-ի շախմատի թիմի ամենահաջողակ կին չեմպիոններից մեկը ծագումով վրացի Նազի Պաիկիձեն սովոր է ուշադրության կենտրոնում լինել: Սակայն նրա վերջին հայտարարությունը նրան ավելի լայն ճանաչում բերեց:

Շախմատի կին գրոսմայստեր Նազի Պաիկիձեն Ինսթագրամի իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Իրանում փետրվարին կայանալիք Շախմատի աշխարհի կանանց առաջնությանը այն պատճառով, որ խաղացողները պարտավոր են հիջաբ կրել:

Հանրության մեջ գլուխը և մարմինը ծածկելու իսլամական ավանդույթը՝ Իրանում, Սաուդյան Արաբիայում և մի շարք այլ երկրներում օրենք է: Իրանում որոշ ակտիվիստներ վերջին ժամանակներս համացանցում հիջաբ կրելու օրենքի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում կանանց, մեկ այլ խումբ էլ, պարբերաբար առաջ է քաշում մահմեդական ինքնությունը պահպանելու հարցում հիջաբի կարևորությունը:

Բացի Շախմատի աշխարհի կանանց առաջնությանը չմասնակցելու իր որոշումը, Պաիկիձեն համացանցում ակցիա է սկսել, պահանջելով որպեսզի Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայի առաջնությունը Իրանում անցկացնելու որոշումը:

Չեմպիոնի խոսքերով, այս խնդիրը միայն շախմատով չի սահմանափակվում: Պաիկիձեն նշում է, որ թեև Իրանում հասարակական առաջընթաց է նկատվում, այդուհանդերձ կանանց իրավունքները խստորեն սահմանափակ են: Նրա խոսքով, սա պայքար է կանանց իրավունքների համար:

Թեև Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը մեկ այլ երկրում անցկացնելու դիմումը արդեն 3000 մարդ է ստորագրել, այնուամենայնիվ ո՛չ բոլորն են համաձայն այս գաղափարի հետ:

Շախմատի մեկ այլ կին գրոսմայստեր Միրտա Հեջազիպուրը ասել է, որ բողոքի այս ցույցը կվնասի Իրանում կանանց սպորտաձևերի զարգացմանը: Նրա խոսքերով, սա լինելու է ամենախոշոր կանանց սպորտային իրադարձությունը Իրանում: Նա պնդում է, որ այս խաղերը մեծ նշանակություն ունեն իրանցի կանանց համար, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց ուժը:

Ըստ CNN (ՍիԷնԷն) լրատվամիջոցի հաղորդած տվյալների Իրանը միակ երկիրն է եղել, որը միջոցառումը անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Շախմատի միջազգային ֆեդերացիայի խոսնակը CNN-ին ասել է, որ 150 ազգային ֆեդերացիաները, այդ թվում նաև ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան ոչ մի առարկություն չեն ունեցել Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը Իրանում անցկացնելու դեմ:

XS
SM
MD
LG