Մատչելի հղումներ

«Հայերն ուշադիր հետեւում են խարհրդարանում իմ գործողություններին», - ասում է Կարո Փայլանը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ-ի հայ համայնքը դիմավորում է ջերմ ողջույններով եւ հոտնկայս ծափահարություններով: Ինքը Փայլանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է, որ Միացյալ Նահանգներ էր ժամանել ոչ միայն Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հաղորդելու այլեւ՝ Արեւմուտքի տեսակետին ծանոթանալու նպատակով.

«Իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Էրդողանը կոռուպցիայի խորացման եւ այլ խնդիրների տեղիք տվեց, որից հետո նա որոշեց բարձրացնել ազգայնականության ալիքը եւ դրա տակ ծածկել բոլոր խնդիրները:

Արեւմուտքն իր կողմից այժմ առաջնորդվում է այն գաղափարով, որ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ բաժանարար սահման կա, անվանենք այն քրիստոնյա աշխարհ եւ մահմեդական աշխարհ: 10 տարի առաջ Արեւմուտքում հավատում էին, որ մահմեդական աշխարհում նույնպես կարող են ժողովրդավար երկրներ լինել եւ Թուրքիան նման երկիր դառնալու թեկնածուն էր: Սակայն, մեր օրերում, ինչպես ես տեսնում եմ Վաշինգտոնում ոչ ոք այլեւս չի կարծում, որ Թուրքիան կարող է ժողովրդավար երկիր դառնալ: Փոխարենը պատրաստ են համագործակցել բռնապետ ղեկավարների հետ: Դա սարսափելի է»:

Ստեղծված պայմաններում պատգամավորի խոսքով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները նույնպես մշուշոտ են.

«Պահպանողական հին Թուրքիայի գաղափարախոսները չեն ցանկանում որեւէ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Նրանք ընդամենը ցանկանում են Հայաստանը դիտարկել որպես սպառնալիք կամ չարիք: Թուրքիան նաեւ հայոց սփյուռքն է ներկայացնում որպես չարիք: Այսպիսով, հին Թուրքիայի պայմաններում, որի պատանդն է դարձել նաեւ Էրդողանը, հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում»:

Ելքը, Կարո Փայլանի կարծիքով, Արեւմուտքի աջակցությունն է Թուրքիայի դեմոկրատական ուժերին.

«Մենք միամիտ եւ ռոմանտիկ դեմոկրատներ ենք: Երբ մարդկանց ձեռքերում են զենքերը եւ դրանք կրակում են, դուք չունեք ձայն բարձրացնելու իրական հնարավորություն: Այսպիսով, մենք Արեւմուտքի, ամբողջ մարդկության աջակցության կարիքն ունենք: Եթե մենք մեր նպատակներին չհասնենք, ապա կդառնանք երրորդ աշխարհի երկիր: Թուրքիան Եվրամիության անդամակցության երբեմնի թեկնածու էր, իսկ այժմ անճանաչելի հեռացել է այդ գաղափարից: Եւ եթե համաշխարհային հանրություն ուզում է, որ մահմեդական աշխարհում լինի ժողովրդավար երկիր, այն պետք է աջակցի Թուրքիայի դեմոկրատներին»:

Կարո Փայլանը նաեւ հատուկ դիմեց նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հայերին.

«Հիշենք, որ Թուրքիան նաեւ մեր հողն է եւ Թուրքիան ժողովրդավար երկիր դարձնելը մասամբ նաեւ բոլոր հայերի պատասխանատվությունն է: Անշուշտ, մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ հարյուր տարի մեր վերքը դեռեւս չի կազդուրվել: Այն բուժելու բանալին Թուրքիայում է»:

XS
SM
MD
LG